Հրանտ Դինքը կդառնար 66 տարեկան

Հրանտ Դինքը կդառնար 66 տարեկան

673

«Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս»: Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ: Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ»,- այս տողերով է ավարտել «Ակոս» շաբաթաթերթում տպագրված իր վերջին հոդվածը Հրանտ Դինքը, որը տպագրվել է իր մահից հետո:

Այսօր պոլսահայ լրագրող , հրապարակախոս, խմբագիր և գրող Հրանտ Դինքը կդառնար 66 տարեկան:

Ճանաչված լրագրող , հրապարակախոս, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ.սեպտեմբերի 15-ին Թուրքիայում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետները:
1996 թվականին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու շաբաթաթերթը, որի նպատակն էր հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև, ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը և դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը:

Դինքը հայտնի էր իր անվախ ելույթներով, համարձակ հոդվածներով: Իր ելույթներում նա միշտ ընդգծում էր Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը: Նա թուրք և հայ ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր:
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է: 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական ազատազրկման.
«Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում… Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան», – գրում է Դինքը:

Հրանտ Դինքը հավատում էր նաև, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն ունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների: Հասկանալով , որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը՝ Դինքը կոչ է անում երկխոսության. «Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից», – ասել է նա։

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19 -ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու՜ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին:

Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։ Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը։

2005 թվականին Դինքն արժանացել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին հետմահու ՀՀ նախագահի և այլ մրցանակների։ 2007 թվականին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը։ Հիմնադրամը ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է միջազգային մրցանակաբաշխություն ։ Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։

Հրանտն իր մասին գրում է. «Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։ Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են։ Իմ որ ինքնությամբ ուզում եք, ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն»:

Մինչև օրս էլ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, և նրա հիմնադրամի անդամները շարունակում են սպառնալիքներ ստանալ։ Մայիսի 27-28-ին հիմնադրամին մահվան սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակներ են եկել՝ ուղղված Ռաքել Դինքին և հիմնադրամի փաստաբանին։ Ըստ հիմնադրամի իրավաբաններից մեկի՝ նամակները ունեն գրեթե նույն այն բովանդակությունը, ինչը եղել է Հրանտ Դինքի սպանությունից առաջ։ Հիմնադրամի տնօրինությունը դեպքի մասին գրավոր տեղեկացրել է ոստկանություն և Ստամբուլի նահանգապետարան։ Այս առնչությամբ կալանավորված 2 անձանց մեղադրանք է առաջադրվել սպառնալիք ուղարկելու հոդվածով։

Հեղինակ՝ Անահիտ Սվարյան

Կիսվել