ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին

598

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է  Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ  ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների՝ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:
Միաժամանակ, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած  ջանքերի համար:
Իր հերթին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: 
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ  զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի գնահատմանն ուղղված գործունեությունը:

https://mil.am/hy/news/8381?fbclid=IwAR1SLfD4xK-3i8K5ip7UjmTrRG1Yl26-JXx_K59G1XpnSNRbBwiHz3XYqbM

Կիսվել