ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ, ԺԱՄԸ ԵՎ ՏԵՂԸ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ, ԺԱՄԸ ԵՎ ՏԵՂԸ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ

2371

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը դարձյալ հյուրընկալել էր դիմորդներին։

Ավանդույթի համաձայն հանդիպումները կայանում են յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը, ժամը 1600-ին, ֆակուլտետի մուլտիմեդիա լրագրության կենտրոնում։

Այս անգամ ևս հանդիպումը բազմամարդ էր։ Հանգամանք, որը վկայում է ժուռնալիստի մասնագիտության պահանջվածության և մասնագիտական կրթության կարևորության մասին։

Ֆակուլտետի ապագա ուսանողներին ողջունեց դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ նշելով, որ նման հանդիպումները ինքնանպատակ չեն։ Մինչև ուսանող դառնալը ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտը, արդեն մասնագիտություն ընտրած և իր ապագայի տեսլականն ունեցող աշակերտն այցելում է մայր բուհ, ծանոթանում առկա պայմաններին, լսում իր ապագա դասախոսներին, ճանաչում է կրթական միջավայրը, ճշտում իրեն հուզող հարցերի պատասխանները։

Այս հանդիպման ընթացքում ևս հարցերի պակաս չզգացվեց։ Դրանց մեծ մասն, իհարկե, առնչվում էր «Բանավոր հաղորդակցության մշակույթ» և «Ստեղծագործական աշխատանք» քննություններին, դրանց չափորոշիչներին։ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ «ԲՀՄ»-ի հարցաշարում ընդգրկված հարցերը առնչվում են ․

ա) տպագիր մամուլին,

բ) առցանց մամուլին,

գ) հանրային և մասնավոր ռադիոընկերություններին,

դ) հանրային և մասնավոր հեռուստաընկերություններին,

ե) լրատվական գործակալություններին,

զ) ոլորտի հայտնի լրագրողներին, նրանց հրապարակումների թեմատիկային:

Քննության ընթացքում դիմորդը պետք է կարողանա ներկայացնել իր նախընտրած լրատվամիջոցը, տեղյակ լինի, թե ովքեր են այդ լրատվամիջոցի առաջատար լրագրողները, ծանոթ լինի լրագրության մի քանի ոլորտների (մշակութային, սոցիալական, բնապահպանական, մարզական և այլն):

Կարևորվում են դիմորդի վերլուծական միտքը, ինքնուրույն կարծիքը, գնահատականը:

Խրախուսելի կլինի, եթե դիմորդը ծանոթ լինի հայ դասական և ժամանակակից գրող-հրապարակախոսներին, արվեստագետներին, նրանց հանրահայտ ստեղծագործություններին, անհրաժեշտության դեպքում կարողանա ուրվագծել իր սիրած գրողի, հրապարակախոսի, նկարչի կամ դերասանի դիմանկարը:

Ցանկալի է, որ դիմորդը տեղյակ լինի մեր նորօրյա պետականության հիշարժան տարեթվերին, նշանակալի իրադարձություններին, Արցախյան գոյամարտի հերոսական դրվագներին:

Դիմորդներից ոմանք հետաքրքրվեցին նաև «Ստեղծագործական աշխատանքի» չափորոշիչներով։ Ինչպես նշեց պարոն Մարտիրոսյանը․«ՍԱ»-ի նպատակը եղել ու մնում է նույնը՝ ճշտել դիմորդի ստեղծագործական ունակությունները, ասելիքը ինքնատիպ և գրագետ շարադրելու հմտությունները։ Աշխատանքի նվազագույն ծավալը՝ 3 էջ (350-400 բառային միավոր)։ Երեք ազատ թեմաներից դիմորդն ընտրում է մեկը և շարադրում տրված ժամանակահատվածում (4 ժամ)։

-Մեջբերումներ կարելի՞ է անել ստեղծագործական աշխատանքում,- հարցրեց դիմորդներից մեկը։

-Կարելի է, բայց՝ հակիրճ և տեղին։ Գեղարվեստական գրականությունից և մամուլից անհարկի, ծավալուն մեջբերումների դեպքում գնահատվում է միայն դիմորդի ինքնուրույն շարադրանքի ծավալը,- ասաց պարոն Մարտիրոսյանը։

Ֆակուլտետի ապագա ուսանողներին հետաքրքրում էր նաև ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն․ Մարտիրոսյանն ասաց, որ օլիմպիադային կարող են մասնակցել և՛ ֆակուլտետի դիմորդները, և´ նրանք, ովքեր այլ մասնագիտություն են ընտրել։ Դա յուրատեսակ ստուգատես է, որի առաջին փուլը կկայանա ս/թմարտի 4-ին, ժամը 1100-ին։ Մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է մարտի 4-ին, ժ1030-ին լինեն ֆակուլտետի դեկանատի մոտ (7-րդ մասնաշենք, 4-րդ հարկ)։

Առաջին փուլի հաղթողները մարտի 18-ին կմասնակցեն 2-րդին և այդպիսով կընտրվեն լավագույնները։

Վերջում պարոն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ապագա լրագրողների հետ (նա խուսափեց դիմորդ բառից) հերթական հանդիպումը կկայանա մարտի 31-ին, ժ․ 1600-ին։

 

Լիլիթ Քասինյան

1-ին կուրս

 

Կիսվել