«Այս եկեղեցու կառուցումը երազանք էր մեր ամբողջ գյուղացիների համար»․ օծվել է Հողմիկ...

«Այս եկեղեցու կառուցումը երազանք էր մեր ամբողջ գյուղացիների համար»․ օծվել է Հողմիկ գյուղի վերակառուցված եկեղեցին

1415

Սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Հողմիկ (նախկինում՝ Իլլի) գյուղում տեղի ունեցավ վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Գյուղի հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Ավան Արշակյանն ասաց, որ Աստվածածին Եկեղեցու հիմնադրման հստակ թվականը հայտնի չէ։ Ասում են՝ 1850-ական թվականներին ավերված եկեղեցու փոխարեն կառուցվել է նորը, որը Ռուսական կայսրության ժամանակ ծառայել է որպես պահեստ։ Հետո տարիների շունչը քանդել ու կրկին ավերակ էր դարձրել եկեղեցին։

Նա նաև նշեց, որ Հողմիկ գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից։
«Եկեղեցու շրջակայքի քարերի վրա կան հետքեր, որոնք խոսում են 850-ական թվականների մասին։ Այսինքն՝ դեռ այդ ժամանակ բնիկներ եղել են այստեղ»,- ասաց Ավան Արշակյանը։

Հողմիկ գյուղի պատմության ուսուցչուհի Քնարիկ Արշակյանը ևս մեզ պատմեց, որ բնակավայրը բավականին հին է։ Դա փաստում է այն, որ գյուղից քիչ հեռու հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի մեծ բնակավայրի մի հատված, որն ըստ երևույթին, եղել է պաշտպանական կառույց:

Նա նաև ասաց, որ գյուղում կա մի մատուռ, որտեղ պահվում է «Պապ Ավետարան» կոչվող գիրքը, որի շուրջ հյուսված բազում լեգենդներ կան, և անգամ տարբեր տեղերում բնակվող մարդիկ գալիս են գյուղ՝ ստանալու այդ Ավետարանի օրհնությունը։

Բնակիչների համար եկեղեցու բացումը մեծ իրադարձություն էր։ Նրանք, միմյանց հերթ չտալով, փորձում էին առաջինը մտնել եկեղեցի, որտեղ կկարողանան իրենց աղոթքն անել ու մոմը վառել։

«Այս եկեղեցու կառուցումը երազանք էր մեր ամբողջ գյուղացիների համար, նույնիսկ գյուղից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար, ովքեր նույնպես կցանկանային ներկա գտնվել այս արարողությանը»,- ասաց պատմության ուսուցչուհին։

Խոնարհված եկեղեցու վերակառուցման գործը հանձն է առել ռուսաստանաբնակ բարերար Սամվել Պողոսյանը, ում պապերը եղել են հենց Հողմիկ գյուղից։ Նա եկեղեցու վերակառուցումը սկսել է մեկուկես տարի առաջ։

«Ես ընդհանրապես չեմ ապրել այս գյուղում, ծնվել եմ Լենինականում։ Բայց իմ պապը, պապի պապերն ապրել են այստեղ։ Եկել գնացել եմ այստեղ, տեսել եմ եկեղեցին քանդված է ու որոշել եմ վերակառուցել»,- ասաց բարերար Սամվել Պողոսյանը։

Տեղի քահանա Տեր Հարություն Պետրոսյանն ասաց, որ բնակիչների ոգևորությունն այնքան մեծ է եղել՝ դեռ եկեղեցու շինարարական փուլում 3 մկրտություն են իրականացրել։ Իսկ այսօր արդեն բազմաթիվ մարդիկ զանգել և պայմանավորվել են քահանայի հետ, որ վերակառուցված եկեղեցում մկրտվեն։

Քահանան սպասարկում է 25-26 գյուղեր, ուստի ամեն կիրակի պատարագ չի կարող մատուցել եկեղեցում։ Բայց ասաց՝ ամիսը գոնե մեկ անգամ պատարագ կանի և տոն օրերին էլ անպայման արարողություններ կիրականացնի։

Եկեղեցու օծման արարողությունն իրականացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Արարողության ավարտին նա Աստվածածնի նկարը նվիրեց բարերարին և կոչով դիմեց բնակիչներին:
«Այլևս իրավունք չունեք, որ ձեր երեխաները մնան անկնունք, իրավունք չունեք այլևս, որ ձեր զույգերը պսակվեն առանց եկեղեցու օրհնության, իրավունք չունեք նաև, որ ձեր ննջեցյալները գնան հանգստարան առանց քահանայի աղոթքի։ Դուք այլևս եկեղեցի ունեք»,- իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդը։

Իսկ եկեղեցու բակում մեծ հյուրասիրություն էր, բնակիչներն իրենց պատրաստած մատաղը բաժանում էին հյուրերին։ Ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանը և այլք։

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Կիսվել