Զրուցակիցս 23 ամյա Անդրանիկ Կարապետյանն է: Անդրանիկը ծնվել և մեծացել է Չարենցավան քաղաքում, այժմ սովորում է Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում։
Զինվորականի կյանքն ընտրելու պատճառը ո՞րն էր:
-Դեռ փոքրուց եմ սիրել այն, ինչ հիմա անում եմ: Երբ զինվոր էի տեսնում, ուրախանում էի, վազում էի բարևելու (ծիծաղում է): Բայց ավելի շատ, երևի, պայմանավորված էր նրանով, որ հայրս ազատամարտիկ է։ Երբ տեսնում էի հորս նկարները, լսում էի պատմությունները, ինձ էի պատկերացնում։ Արդյունքում երեխայական հետաքրքրասիրությունը դարձավ պատանեկան երազանք, երազանքը՝ նպատակ: Բայց ամեն ինչ ամրացավ ու պնդացավ, երբ սկսեցի ուսումնասիրել մեր պատմությունն ու անցած ուղին….
Ի՞նչ փոխեց մեր պատմությանը ավելի մոտիկից ծանոթանալը, ինչո՞ւ ավելի հաստատ դարձրեց որոշումդ(անհամբեր հարցնում եմ ես):
-Ես ինձ իմ արմատներին ավելի մոտ զգացի, ավելի մոտ զգացի ինձ մեր ազգին, տեսա մեր հերոսական անցյալն ու ավելի շատ սիրեցի իմ ժողովրդին: Առաջին անգամ հասկացա, որ զինվոր ենք բոլորս, բայց էս պահին ավելի շատ զինվորականի կարիք ունենք:
Ասում ես հայրդ ազատամարտիկ է, մարդ՝ ով պատերազմ է անցել: Ինչպե՞ս ընդունեց որոշումդ:
-Ամենադժվարը պապայի հետ էր(ինչ-որ բան հիշելով՝ ժպտում է). ընդամենը տասնհինգ տարեկան էի, երբ որոշեցի ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Վարժարանի ընդունելության համար փաստաթղթերում ծնողներիս ստորագրությունն էր պետք. դե հայրս էլ դեմ էր… մինչև հիմա ստորագրված չի էդ փաստաթուղթը (ծիծաղում է). ասում էր, որ չի ուզում՝ տեսնեմ զինվորական ծառայության դժվարությունն ու պատասխանատվությունը, բայց ես հաստատ էի որոշել:
Առանց ստորագրության ո՞նց կարողացար սովորել:
-Մանդատային քննության ժամանակ Դավիթ Տոնոյանը փոխնախարար էր: Նայեց թղթերիս, հետո՝ ինձ, ու հետո հարցրեց, թե ո՞ւր է, ինչի՞ չկա պապայի ստորագրությունը: Բացատրեցի, որ հայրս դեմ էր, բայց ես հաստատ եմ որոշել ընտրությունս, ժպտաց ու ասաց, որ ես լավ զինվորական կդառնամ, ու էդ կարճ խոսակցությունը հետո դարձավ առիթ այսօրվա մեր նախարարի սպասելիքները արդարացնելու համար:
Հիմա երբ հետ հայացք ես գցում վարժարանի տարիներին, հայրիկիդ դեմ լինելուն, ի՞նչ ես հիշում:
-Երևի ամենաանմոռաց բանը հորս՝ ինձ առաջին անգամ համազգեստով տեսնելն էր, փաթաթվեց ինձ հպարտության զգացումով ու ասաց, որ ապրեմ իմ խոսքին ու նպատակին հավատարիմ մնալու համար, իսկ հետո կատակին տալով ասաց, որ եթե գեներալ չդառնամ, ուրեմն տուն չգամ( ծիծաղում է):
Իսկ դժվա՞ր չէր վարժարանում:
-Դժվար էր շատ, ամենից դժվարը նոր պայմաններին, միջավայրին հարմարվելն էր, նոր մարդիկ, տարբեր բնավորություններ, էս ամեն ինչին հարմարվել էր պետք: Վարժարանը, էնտեղ սովորելը, ինձ շատ բան տվեցին ու սովորեցրին: Ոչ ոք չէր մտածում, որ մի օր էդքան փափուկ սիրտ ունեցող Անդրանիկը էդքան կամրանա, կկոփվի: Վարժարանը սովորեցրեց ամեն գնով հասնել նպատակիդ, անկախ նրանից, թե քո կողքի մարդիկ ի՞նչ են ասում քո մասին, հավատում են քեզ, թե՝ չէ: Ու հիմա, երբ հետ եմ նայում անցած տարիներին, ուզում եմ ասել, որ ոչ մի պարագայում պետք չէ հանձնվել, բոլոր ձայները պետք է խլացնել, բացի սեփական ներքին ձայնը:
(Ես զգում եմ, որ Անդրանիկը ինչ-որ բան է հաղթել, գուցե ինքն իրեն, ու հարցնում եմ).
Հետո ի՞նչ եղավ, երբ ավարտեցիր, ի՞նչ էր քեզ սպասում :
-Դեհ ,երբ ավարտում էինք ուսումնառությունը այլ տեղ շարունակելու մասին հայտեր ստացանք, ու ես առանց մի րոպե կասկածելու որոշեցի, որ Հունաստան պետք է գնամ ու ընդունվեցի Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմամարզական ակադեմիա, որովհետև մտածում էի, որ դրսում ավելի լավ կրթություն կստանամ….
Պա՜հ,( դժգոհում եմ ես),Հայաստանում չէի՞ր ստանա:
-Երբ դրսում ես, կարողանում ես տեսնել, թե ներսում ինչ պակաս բան կա, ծանոթանում ես օտար երկրի մշակույթին, լեզվին, ապրելակերպին, ձեռք ես բերում ընկերներ, կարողանում ես դիտարկել միջազգային հարաբերությունները ու դրանց կարևորությունը: Էս ամեն ինչը լրացնում է քո ունեցած պաշարները ու քեզ ավելի լավը դարձնում, թե՛ մարտական առումով, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական:
Հունաստանը մեծացրել էր հարազատներից, ընկերներից ու հայրենիքից հեռավորությունը, ի՞նչ էիր զգում հեռավորության վրա: Ի՞նչն էր անհաղթահարելի( հարցնում եմ մտածելով՝ հաղթական հարց եմ տվել):
-Դժվարը կարոտն էր ու լեզու չիմանալը( տեսնում եմ, որ ինչ որ բան մռայլվեց մտքերում): Երբ Հունաստանում էի, Ապրիլյան պատերազմը սկսվեց։ Եթե Հայաստանում լինեի, գուցե ես էլ հարյուրից մեկը լինեի, բայց… ես չեմ ճանաչում զոհված տղաներին, սակայն հեռավորությունը իրենց արածի նկատմամբ ինձ ավելի պարտավորեցնող է դարձնում, ստիպում շարունակել այն, ինչը չորս տարի առաջ կիսատ մնաց, պարտավորեցնում՝ բարձր պահեմ տղաների արած գործը:
(Մի քիչ լռում ենք, ու ես հարցնում եմ՝ փորձելով ավելի պայծառ բանի մասին խոսել:)
Շուտով Անկախության 29-րդ տարեդարձն է, հեռվից մեր անկախ սիրունը ո՞նց ես տեսնում:
-Հպարտանում եմ Հայաստանով ու իմ ազգությամբ ( աչքերը լցվում են ոգևորությամբ ):Հայաստանը կայացել է որպես պետություն, ունի մարտունակ բանակ ու իրեն սիրող ժողովուրդ:
Ինչ-որ ձևով տոնո՞ւմ ես մեր երկրի Անկախության տոնը:
-Բա պարտադիր, հավաքվում ենք ընկերներով: Եթե ազատ օր է, մի տեղ ենք գնում, նշում, երգում, ուրախանում, պատմություններ ենք պատմում, քննարկում, թե ինչի միջով ենք անցել անկախության համար: Ճիշտ է՝ հիմա Հայաստանից հեռու ենք, բայց կապ չունի մենք Հայաստանի հետ ենք ու Հայաստանի համար, ու երբ վերադառնանք, նույնը կլինի։ Իսկ մենք հաստատ վերադառնալու ենք, որ մեր ծառայությունը մատուցենք մեր երկրին ու ժողովրդին:
Իսկ ո՞նց են ծառայություն մատուցում (իբր չիմանալով՝ հարցնում եմ):
-Սիրելով մեր երկու հանրապետությունները, ընդունելով, որ երկիրը սկսվում է սահմանից ու ավարտվում սեփական տանը՝ ընտանիքի հետ, սիրտը տաք պահելով ու հանուն հայրենիքի նախ ապրելով, հետո մեռնելով:
Մեզանից գոհ լռում ենք մի քիչ:
-Կարևոր առաջադրանքի պիտի պատրաստվենք, գնացի։
-Անփորձանք ծառայություն:
Հեղինակ՝ Մարիամ Ղազարենց