ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

2871

Թեև դրսում մռայլ ձմեռը դեռ շարունակվում էր, «Նարեկացու» արվեստի միությունը ջերմանում էր նկարիչ Լևոն Խաչատրյանի գույներով։

Ցուցահանդեսը կրում էր «Կոտայքի գույները» խորագիրը։ Տարվա  չորս եղանակներին բնորոշ տրամադրությունն ու բազմագույն ծաղիկները այցելուներինը ստիպում էին ժպտալ։

Այն հեղինակի՝ թվով երրորդ ցուցահանդեսն էր։ Նախորդ երկուսը, սակայն, նա կազմակերպել էր իր ծննդավայրում՝ Հրազդանում։

«Նկարել սկսել եմ դեռ մանկուց՝ մանկապարտեզի տարիներին։ Հիշում եմ՝ այնտեղ էլ նկարների ցուցահանդեսներ էինք անում։ Հենց այդ ժամանակվանից էլ զգացի՝ նկարելն իմ տարերքն է։ Հետո արդեն հաճախեցի Երվանդ Քոչարի անվան դպրոց, ուր այժմ նաև դասավանդում եմ։ Այնուհետև ընդունվեցի Մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը»,- պատմում էր Լևոն Խաչատրյանը։

Նրա նկարներում, ինչպես ինքն է ասում, հիմնականում վառ և պայծառ գույների խառնուրդն է տիրում։ Թեև ունի տխուր նկարներ, բայց դրանք նախընտրում է չցուցադրել։

«Ես ուզում եմ մի փոքր բարձր տրամադրություն և բարություն փոխանցել մարդկանց, առանց այդ էլ չարությունը շատացել է»։

Լևոն Խաչատրյանը հայ նկարիչներից առանձնացնում է Մարտիրոս Սարյանին, Հարություն Կալենցին և ամենից առաջ իր ուսուցչին՝ Սուրեն Թադևոսյանին։

Մինչ ցուցահանդեսի սկսվելը Լևոնը պրն. Թադևոսյանի հետ երկար քայլում էր նկարների կողքով, ուշադիր նայում դրանց ու խորհուրդներ տալիս։ Խոսում էր գույների խորհրդավոր համադրումից, նկարների խորությունից, իմաստից։

«Երբ գարնանը դրսում ես ու զգում ես քամու շունչը կիսաքուն նիրհի մեջ, հասկանում ես, որ կաս ու ստեղծագործում ես։ Մեր Լևոնը այդպիսին է։ Նա ամեն Աստծու օր աշխատում է բնության հետ, որն էլ իր հերթին ընդունելով Լևոնի նվիրվածությունը, փոխհատուցում է։ Ուզում եմ, որ այդ երկխոսությունը միշտ մնա, քանի որ քիչ են այնպիսի արվեստագետները, որ բնության հետ համերաշխ են»,- անկեղծանում էր պրն. Թադևոսյանը։

Իսկ ներկա գտնվողներից մի կին, ցանկություն հայտնեց ասմունքելու Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը․

«Գարունը այնքան ծաղիկ է վառել,

Գարունը այնպես պայծառ է կրկին․․․

Ապրես Լևոն ջան, որ նկարներիդ միջոցով թոթափում ես ձմռան ցուրտը»։

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

Կիսվել