Օնլա՞յն, թե՞ օֆլայն. արդյոք կրթության որակը տուժում է

Օնլա՞յն, թե՞ օֆլայն. արդյոք կրթության որակը տուժում է

1537

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Մանուկյանը ցանկանում էր, որպեսզի դասերն օֆլայն լինեին, որովհետև օնլայն տարբերակում չկա դասախոս-ուսանող շփում. «Ճիշտ է, մենք տեսնում ենք, բայց վիդեոկապով անկեղծ շփումը դու չես կարող ապահովել, որքան էլ որ գերժամանակակից տեխնոլոգիաները կարողանան ապահովել հարյուրավոր կիլոմետրերի վրա մեր կապը»,-ասաց ապագա լրագրող Մերին:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար  դժվար է հեռավար ուսուցում իրականացնելը: Լրագրողի մասնագիտությունն այնպես է, որ պետք է անընդհատ վազվզել, գնալ այստեղ-այնտեղ, հանդիպել ու շփվել մարդկանց հետ. «Կարող էր այնպես ստացվել, որ դասը լսարանում սկսեինք, բայց ավարտեինք դրսում, քանի որ հանձնարարություն էինք ստանում, և մեր ձեռքի տակ եղած տեխնիկայով համալսարանի բակում կարողանում էինք բազում նյութեր նկարել, ինչը տան պայմաններում այդքան էլ հնարավոր չէ»,-ասաց նա:

Ապագա լրագրողը սովորում է 4-րդ կուրսում և արդեն դիպլոմային աշխատանք գրելու ժամանակն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է տանից դուրս գալ, գնալ հարցազրույցների, հանդիպել մասնագետներին: Մերիի կարծիքով, առցանց տարբերակով դա իրականացնելն այդքան էլ արդյունավետ չի լինի. «Իմ դիպլոմային աշխատանքը ռազմական  թեմայով է լինելու, և որևէ կերպ  չեմ պատկերացնում, թե օնլայն տարբերակով ինչպես եմ անելու: Չեմ ուզում դիպլոմայինն առցանց պաշտպանել»,-ամփոփեց նա:

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Վահրամ Ենգոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ֆակուլտետի դեպքում, երբ ամբողջ աշխատանքը դրված է ուսանողի ուսերին, թեմային տիրապետելու առումով ինքը դժվարություն չունի օնլայնի պարագայում: Իր խոսքով, շփման բացակայությունը և կուրսընկերներին շաբաթական ընդամենը մեկ օր հանդիպելն անարդար է. «Համակերպվել հնարավոր կլիներ, եթե սա կրեր պարտադիր բնույթ բոլոր համալսարանների դեպքում»,-ասաց Վահրամը:

Փիլիոփայության  ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Դիանա Գևորգյանի խոսքով, ուսուցումն օնլայն տարբերակով բավական դժվար է, քանի որ դեռ ծանոթ չեն քննական կարգին, դասախոսներին: Ընդամենը երեք դաս են արել առկա, և հիմա, երբ միանում են օնլայն տարբերակով, կապի խնդիր է լինում, հինգ րոպե ուշ են միանում, մինչև կարգավորում են, դասից ժամանակ են կորցնում. «Բացի այդ, արդյունավետ չէ նաև այն առումով, որ երբ առկա ուսուցմամբ ենք դաս անում, դասախոսը քեզ նայելով դասը բացատրում է, այդ դեպքում ավելի հասկանալի է լինում»,-ասաց Դիանան:

Օնլայն հարթակում չեն կարողանում հարցեր տալ. փակում են տեսախցիկը, անջատում ձայնը, որպեսզի կապի խնդիր չլինի. «Վերջում կարող ենք միացնել ձայնը հարցեր տալ, բայց  դե առկա ուսուցման ընթացքում կարողանում ենք դասին միջամտել.կենդանի շփումն ուրիշ է, իսկ օնլայն հարթակում, հիմնականում, դասախոսը դասը բացատրում է, և վերջ»,-ամփոփեց նա:

ԵՊՀ ժուռնալիստիակայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Մարտիրոսյանը կողմ է օնլայն ուսուցմանը: Նրա խոսքով այս պահի դրությամբ սա ամենաճիշտ որոշումն էր: Պնդում է, որ եթե դուրս գանք փողոց, շատ քիչ մարդկանց կհանդիպենք, որ դիմակ են կրում. ոչ մի կանոն չի պահվում կամ էլ ձևական բնույթ է կրում: Ռեպորտաժ նկարահանելու համար իրենք կարող են մենակ էլ գնալ. «Այս դեպքում վարակվելու հավանականությունն ավելի քչանում է, քան որ մենք ամեն օր դասի գնայինք, և իրար հետ ակտիվ շփման մեջ լինեինք»,-ասաց նա:

Իր կարծիքով արդյունավետության առումով օնլայն դասերը չեն զիջում օֆլայն դասերին՝ բացառությամբ մեկ-երկու առարկայի. «Այն դասխոսը, ով տիրապետում է գիտելիքի մատուցման մեթոդներին, ինքը կտա: Նույնն էլ ուսանողների դեպքում է. այն ուսանողը, ով հակված է սովորելու՝ կսովորի»,-ասաց ապագա լրագրողը:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել