Երեկ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ադրբեջանցիների կողմից տարածվող կեղծ հնարքներից ևս մեկը:
Journalist.am-ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հակառակորդի կողմից նմանատիպ քայլեր հիմնականում արվում են վախ սերմանելու, խուճապ տարածելու, քաոս և անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար, նաև կարող են արվել պաշտոնական աղբյուրների հանդեպ անվստահություն ստեղծելու համար:
Հարցին` արդյոք նման դեպքերը հաճախ են լինում, մեդիափորձագետը պատասխանեց.
«Չէ, նման բաներ լինում են։ Վերջին դեպքը եղել է հուլիսին, երբ հաղորդագրությունների միջոցով ՊՆ-ի անունից կեղծիք է տարածվել»,-նշեց մեդիափորձագետը։
Թե ինչից է կախված հակառակորդի նման ակտիվությունը, Սամվել Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել:
«Երկու վարկած կա` առաջինը, որ հող է նախապատրաստվում ինչ-որ կարճաժամկետ ռազմական գործողությունների, այսինքն Ադրբեջանը պատրաստվում է ինչ-որ մի տեղ հարված հասցնել, քանի որ լավ չեն մարսել Տավուշի դեպքերը: Դժվար թե խոսքը գնա լայնամասշտաբ պատերազմի մասին, որովհետև ոչ ոք դրան պատրաստ չէ։ Երկրորդը սեզոնային լավագույն ժամանակը չէ, կամ փորձում են ճնշել միջազգային հանրությանը, համանախագահներին ցույց տալ, որ իրավիճակը լուրջ է և պետք է Հայաստանի վրա ճնշում գործադրվի, որպեսզի ավելի լուրջ մոտենան բանակցային պրոցեսին»,-եզրափակեց մեդիափորձագետը։
Հեղինակ՝ Արև Սարգսյան