Ուզում եմ, որ լուսաբացները խաղաղ լինեն. Աննան Տավուշի կյանքի մասին

Ուզում եմ, որ լուսաբացները խաղաղ լինեն. Աննան Տավուշի կյանքի մասին

1330

Մեր կողմերում ամեն երկրորդ ընտանիքի ամուսինը կամ որդին սահմանին է։ Այստեղ կանայք իրավունք չունեն իրենց տղամարդկանց մոտ լացելու։ Լացում են, երբ միայնակ են, կամ հարևան կանանց հետ։ Այս կողմերում մարդիկ շարունակում են քամու ամեն սոսափի մեջ փնտրել սարսռեցնող կրակոցի ձայները։ Այստեղի մարդիկ սկսել են ատել ցանկացած ձայն, որովհետև ամեն ձայնի հետ շարժվում են սիրտն ու հիշողությունները։ Այստեղ պատերազմը նոր է սկսվում։

Սահմանամերձ բնակավայրերի մարդիկ միշտ են պատերազմում թշնամու ու հողի դեմ, ջահելներն էլ՝ սիրո տառապանքի։ Բոլորի տներից հնչում է հին օրերի երգը՝ ամենատխուրն ու արցունքաբերը։ Թաղի տղաները շարունակում են չափչփել փողոցները, իսկ աղջիկները՝ գիրք կարդալով լուսացնել։ Իսկ երկու ամիս առաջ նրանք չէին լուսացնում,որովհետև պատերազմ էր։

Սահմանամերձ բնակավայրերի մարդկանց խաղողի դաշտերը թշնամու հենց նշանառության տակ են, բայց դա չի խանգարում խաղողաքաղին։ Մարգերով վազվզող երեխաները կրակոցի ձայները լսելուն պես թաքնվում են, իսկ վայրկյաններ անց՝ շարունակում իրենց խաղերը։ Բոլորն էլի համախմբվել են, ինչպես պատերազմի ժամանակ էր։

«Այստեղ է իմ ընտանիքը, տունը, ո՞նց կարող եմ թողնել ու հեռանալ։ Վախկոտներն են գնում։ Պատերազմի ժամանակ պարտվողներ չեն լինում, որովհետև հզորներն են սահմանին՝ թե՛ զենքը ձեռքին կանգնած զինվորը, թե՛ սովորական գյուղացին։ Ուղղակի ուզում եմ,որ լուսաբացները խաղաղ լինեն, իսկ մնացած խնդիրները լուծելի են»,-ասում է Տավուշ գյուղի բնակիչը։

Մարդիկ վախենում են պատերազմ բառն արտաբերելուց, որովհետև այն մարդկային կյանքեր էր կլանում, հոգիների մեջ ծնում էր չտեսնված խառնաշփոթություն, սերմանում սարսափ, փոխում էր գոյություն ունեցող ամեն ինչ։ Պատերազմն ստիպում էր մարդկանց կողք կողքի լինելով հանդերձ կարոտել իրար։ Տառապանքների խորությունը որևէ չափանիշ չունի ու այդ ամենը մտքով ու զգացմունքներով չես կարող ընդգրկել։

Հեղինակ՝ Աննա Խաչատրյան

Կիսվել