ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին։
«Սա Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցությունների տապալում է՝ ի վնաս խաղաղ գործընթացի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով նախապես ծրագրված լայնածավալ հարձակում է: Այսօր առավոտյան տեղի ունեցածն Ադրբեջանի՝ իր առավելապաշտական դիրքորոշումն ագրեսիվ կերպով առաջ մղելու մտադրությունների ապացույցն է, որը ուղղված է մեր ժողովրդի անվտանգության դեմ», – ասել է ԱԳ նախարարը։
Հարցին, թե արդյո՞ք ճիշտ է Ադրբեջանի այն պնդումը, որ հարձակվել են հայերը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.
«Մենք մտադիր չենք իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն լարվածության աճի: Հայաստանը շատ հաստատուն է եղել իր այն դիրքորոշման մեջ, որ լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով, բացառապես փոխզիջման հիման վրա: Մենք չենք անի մի բան, որը կհակասի մեր հռչակած մտադրություններին»։
«Ուժի սպառնալիքը բնորոշ է Ադրբեջանի կառավարության և Բաքվի ռեժիմի բառապաշարին, վերջին անգամ այն արտահայտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և նրանք այժմ պարզապես դա արտահայտում են իրենց գործողություններով»։
«Գոյություն ունի բանակցությունների հաստատված ձևաչափ: Դա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է, որը ներառում է միջնորդների՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա: Մենք բոլոր մակարդակներով մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ»։
«Իրենք կրում են ներկայիս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը», – եզրափակել է իր խոսքը Զոհրաբ Մնացականյանը։
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ ԱԳՆ պաշտոնական էջում https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/27/fm_al_jazeera/10463