ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՏԱՐԲԵՐԵԼ ԿԵՂԾԻՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՏԱՐԲԵՐԵԼ ԿԵՂԾԻՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

1831

«Ընտրություններից հետո կյանք կա»,- ասաց Հայաստանի կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը մարտի 11-ին «Սպուտնիկ Արմենիա» մամլո սրահում կայացած ասուլիսի ժամանակ:

Գրեթե բոլոր ընտրողներին է հետաքրքրում, թե ինչպես կարելի է  տարբերել կեղծիքն իրականությունից նախընտրական քարոզարշավի ընթացքում: Այս հարցի պատասխանն օգնեցին գտնել ասուլիսի բանախոսները: Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը կարծում է, որ կուսակցությունները կենտրոնացած են  միայն իրենց վրա և մոռանում են ընտրությունների հիմնական մասնակիցների՝ ընտրողների մասին: Բանախոսը նշեց  նաև, որ քաղաքական մշակույթը Հայաստանում բարձր չէ, իսկ դա բարձրացնելու համար մի քանի ամիսը բավարար չէ. այդ մասին պետք է մտածել քաղաքականություն մտնելու հենց առաջին պահից:

«Ընտրում են անձին, և ոչ՝ կուսակցությունը, ընտրում են գաղափարը, և ոչ՝ խոստումները», – Ֆրանսիայի քաղաքական PR-ի արքա Ժակ Սեգելայի խոսքերը մեջբերեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար Հայկ Կիրակոսյանը: Վերջինիս համոզմամբ՝ ավելի պատեհ կլիներ, եթե  քաղաքական գործիչներին անվանեինք քաղաքական դերասաններ: «Նրանք զբաղվում են իրենց գործերով (բիզնես , IT ոլորտ և այլն), և միայն երբ պահը հասունանում է, տրանսֆորմացվում են քաղաքական գործիչների»,- խոսքը շարունակեց Կիրակոսյանը և հավելեց, որ այդ դերասանները շատ վատ են խաղում իրենց դերերը:

Հայկ Կիրակոսյանը PR տեխնոլոգիաներից առանձնացրեց  արհեստական արժևորում ստեղծելը և օրինակ բերեց այն երևույթը, որ քաղաքական գործիչներնը իրենց պաստառներն են փակցնում, ապա իրենց գործընկերների կողմից այն պատռելուց կամ սևացնելուց հետո , հայտարարում են, թե դա արել են  իրենց «չուզողները»:

Իսկ կա՞, արդյոք, որևէ ժեստ կամ դեմքի միմիկա, որից կարելի է կռահել՝ տվյալ քաղաքական գործիչը ճի՞շտ է ասում, թե՞ ստում է: Այս հարցին պատասխանեց ՌԴ Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ, պրոֆայլեր Գոռ Սարգսյանը ,- «Չկա կոնկրետ միմիկա կամ ժեստ սուտը բացահայտելու համար, ամեն ինչ պետք է կատարվի կոմպլեքս հետազոտության միջոցով»: Սարգսյանը խորհուրդ տվեց հետևել անձի վարքագծին և ուսումնասիրել այն հանգիստ վիճակում ,  ապա՝ սթրեսային վիճակում. յուրաքանչյուր սուտ սթրես է, իսկ ստելիս մարդու ժեստերը և միմիկաները ակնհայտորեն փոխվում են:

Ամփոփելով «Քարոզարշավ. ինչպես տարբերակել կեղծիքն իրականությունից» թեմայով ասուլիսը՝ բանախոսները խորհուրդ տվեցին ընտրողներին լինել որքան հնարավոր է տեղեկացված, շատ կարդալ և հետազոտել քաղաքական անձանց գործունեությունը, ճիշտ ընտրություն կատարելու համար:

 

Էլինե Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել