«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԵՆ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԵՆ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

1763

ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս Սերոբ Խաչատրյանը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մարտի 15-ին հանդես եկավ զեկույցով` «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով:

Հանդիպումը սկսվեց Արիստոտելի խոսքերով. «Սովորելու արմատները դառն են, իսկ պտուղները` քաղցր»: Բանախոսի խոսքով` կրթական համակարգի վրա անմիջական ազդեցություն է թողնում տեխնոլոգիական զարգացումը, ուսանողների ուսման և աշխատանքի համատեղումը, որի արդյունքում տուժում է ուսումը:

Պրն Խաչատրյանը որպես հիմնական խնդիր մատնանշեց դասախոսների ակադեմիական էգոիզմը` նկատի ունենալով այն երևույթը, երբ դասախոսները մտածում են, թե իրենց առարկան ամենակարևորն է: «Սա վնաս է ուսանողներին, որովհետև ուսանողը չի պատկերացնում, թե որն է կարևորը, և որը` երկրորդական»,- ասաց նա:

Բանախոս Սերոբ Խաչատրյանի կարծիքով` համալսարանում հաճախ մակերեսայնորեն են սովորեցնում, շարժ է նկատվում սոսկ քննաշրջանի ժամանակ, բայց միևնույն է` խորքային չեն սովորում: Որքան էլ տարօրինակ թվա, ըստ նրա, չպետք է շատ սովորել, պետք է քիչ սովորել, բայց խորը ու անընդհատ:

Բարձրագույն կրթության դերը աշխարհում նվազում է, որովհետև համալսարանները դժվար են հարմարվում փոփոխություններին: Սերոբ Խաչատրյանը բերեց ԱՄՆ-ի օրինակը, որտեղ շրջանավարտների 80 տոկոսը նախկինում ավարտելու պահին մասնագիտությամբ աշխատանքի առաջարկ էր ստանում, և միայն 20 տոկոսը պետք է աշխատանք փնտրեր: Հիմա այդ ցուցանիշը նվազել է մինչև 60 տոկոս: Շատերն ընտրում են ինքնակրթության ճանապարհը:

 

Սվետա Պապոյան

2-րդ կուրս

Կիսվել