Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարե Թորանյանը ծնվել և ապրել է Սիրիայում: Այժմ Հայաստանում է։ Սա, նրա խոսքերով, երազանք է եղել:
—Նարե՛, կպատմե՞ս մանկությանդ ամենահետաքրքիր հուշերից:
—Ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում։ Այնտեղ ապրել եմ 11 տարի: Իմ բոլոր հուշերը կապված են Հալեպի հայկական համայնքի, դպրոցիս և այն խմբակների հետ, որոնց անդամակցում էի: Հաճախել եմ դաշնամուրի և պարի պարապմունքների: Պարն իմ տարերքն էր, և ես ինձ չէի կարող պատկերացնել առանց փորձերի, համերգների: Մինչ օրս հիշում եմ առաջին բեմելս. այդքան տպավորիչ է եղել: Պարը շարունակեցի նաև Հայաստան գալուց հետո:
—Ո՞ւմ հետ էիր շփվում, ինչպիսի՞ն էր ընկերական շրջապատդ:
—Քանի որ հաճախում էի հայկական դպրոց, իմ շրջապատը կազմված էր բացառապես հայերից: Նրանց մի մասի հետ մինչ օրս էլ շփվում եմ. հեռավորությունը մեզ չի խանգարում:
—Կա՞ր մի վայր, որն ամենաշատն էիր սիրում քաղաքում:
—Քաղաքում իմ ամենասիրելի վայրը մեր տունն էր, որն ամենաշատն եմ կարոտում:
—Ընտանիքում ի՞նչ լեզվով էիք խոսում: Հայկական շունչը կա՞ր ձեր տանը:
—Հայկական շունչը մեր տնից անպակաս է եղել: Մինչ դպրոց հաճախելը խոսում էի արևելահայերեն, քանի որ ծնողներս լեզվին լավ տիրապետում են: Ինձ ճանաչում էին որպես արևելահայերեն իմացող աղջկա: Արևմտահայերեն սովորեցի դպրոցում: Հայաստան գալուց հետո լեզվական առումով որոշ բարդություններ ունեցա, որոնք հաղթահարվեցին, քանի որ արևելահայերենն ականջիս խորթ չէր:
—Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ հայրենիք:
—Հայրենիք վերադառնալու պատճառը պատերազմն էր, սակայն ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի․ Հայաստան վերադառնալն ընտանիքիս համար եղել է երազանք: Ես ուրախ եմ, որ այժմ այստեղ ենք:
—Ի՞նչն ես կարոտում Սիրիայից, կցանկանայի՞ր հետ վերադառնալ:
—Յուրաքանչյուր մարդու կյանքում ամենահիշարժան շրջանն իր մանկությունն է: Այդ հրաշալի ժամանակաշրջանս անցել է Սիրիայում. կարոտում եմ այնտեղ ապրած տարիները, իմ տունը, ընկերներիս: Կցանկանայի վերադառնալ, բայց կարճ ժամանակահատվածով, որ կարոտս առնեմ:
—Ո՞րն է քեզ համար լավագույն տունը, Սիրիա՞ն, թե՞ Հայաստանը:
—Ճիշտ է՝ Սիրիան իմ ծննդավայրն է, ես շատ հիշողություններ ունեմ այնտեղից, բայց իմ տունը Հայաստանն է, որի մասին ես երազում էի՝ ապրելով Սիրիայում:
Տաթև Ալիխանյան
2-րդ կուրս