ԳԱՎԱԹԸ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆՆ ԷՐ

ԳԱՎԱԹԸ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆՆ ԷՐ

2953

ԵՊՀ-ի Պալյանների անվան դահլիճում մարտի 16-ին տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի կազմակերպած «Բանավեճի ակումբ»-ի Հատուկ մրցանակի խաղարկության եզրափակիչ խաղը: Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացնող «Spotlight» և իրավագիտության ֆակուլտետի «Ֆեմիդա 2» թիմերը բանավիճում էին «Ազգ-բանակ կոնցեպցիան նպատակահարմա՞ր է» թեմայի շուրջ:

Ըստ վիճակահանության՝ Spotlight-ը պաշտպանում էր կողմ, իսկ «Ֆեմիդա 2»-ը՝ դեմ դիրքորոշումը: Խաղն ընթացավ հետաքրքիր ու լարված պայքարում, ինչպես վայել է իսկական եզրափակչին: Արդյունքում,  լրագրողները հավատարիմ մնացին իրենց թիմի «Spotlight» (ուշադրության կենտրոնում) անվանը. աչքի ընկան, ինչպես նախորդ բոլոր խաղերում, գիտելիքներով և էսթետիկությամբ և տարան հերթական հաղթանակը: Ժյուրին բարձր գնահատեց թիմի վերլուծական միտքն ու ճիշտ, դիպուկ հարցերն ու հարցադրումները: Առանձնահատուկ ուշադրության արժանացան Spotlight-ի երկրպագուները, որոնց կազմում էին կրկին ժուռնալիստիկայի ֆակուլտետի՝ առաջնության ընթացքում հիանալի ներկայացած «Վեց գլխարկ» և «Չորրորդ իշխանություն» թիմերի ներկայացուցիչները:

Կազմակերպիչներն ընդգծեցին ֆակուլտետի միասնականության ու համախմբվածության ակնհայտ փաստը: Թիմի անդամներից Մարիամը հաղթական ժպիտով նշեց, որ, բացի բանավիճելու փորձ ձեռք բերելուց, տարբեր կարևոր թեմաներից լուրջ գիտելիքներ են ձեռք բերել, որոնք վստահաբար կօգտագործեն մասնագիտական գործունեության ընթացքում: Իսկ Մհերն ավելացրեց, որ «Բանավեճի ակումբն» իրենց տվեց թիմային համագործակցության փորձ ու համալսարանական կյանքը դարձրեց առավել ակտիվ ու հետաքրքիր:

«Spotlight» թիմի բոլոր անդամները՝ Բանուչյան Ռուբենը, Խաչիկյան Միլենան, Տերբալյան Մարիամը, Քեշիշյան Աստղիկը, Թարոյան Մհերը և թիմի ավագ Շողիկյան Նորայրը շնորհակալություն են հայտնում բանավեճի կազմակերպիչներին՝ գիտելիքների և հմտությունների զարգացման հնարավորություն ստեղծելու և ինքնաարտահայտման հարթակ տրամադրելու համար, և իհարկե ֆակուլտետի դեկան պրն Մարտիրոսյանին՝ առաջնության ողջ ընթացքում թիմին աջակցելու համար:

 

Աստղիկ Քեշիշյան

1-ին կուրս

 

Լուսանկարները` Իննա Թումանյանի

Կիսվել