Արցախի տեղեկատվական շտաբում ՊԲ հրամանատարի տեղեկալ գնդապետ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել՝ օգտագործելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրետանի, հրթիռահրետանային ողջ զինանոցը՝ նաև զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
«Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակը աննախադեպ էր հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով: Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդմեջ: Պաշտպանության բանակի զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարել են փայլուն և անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ձախողված թշնամին հերթական անգամ թիրախավորել է խաղաղ բնակչությանն ու լրագրողներին:
Հակառակորդի կորուստները կազմել են 39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ-25 ինքնաթիռ, 3 Մի-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը շուրջ 830-ի կարգի է՝ նշեց գնդապետը:
«Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ, վիրավորների քանակն էլ ճշտվում է»,- նշեց ՊԲ հրամանատարի տեղակալը: