ԶԱՐԹՈՒՑԻՉ, ՈՐՆ ԱՐԹՆԱՑՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՖԻԶԻԿԱԿԱՆ, ԱՅԼ ՀՈԳԵՎՈՐ ...

ԶԱՐԹՈՒՑԻՉ, ՈՐՆ ԱՐԹՆԱՑՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՖԻԶԻԿԱԿԱՆ, ԱՅԼ ՀՈԳԵՎՈՐ ՔՆԻՑ

1737

Աշխարհում լայն տարածում գտած, տարբեր ոլորտներին վերաբերող մասնավոր դասընթացների կողքին իրենց ուրույն տեղն են գտնում կյանքին, անձնային աճին և անհատի զարգացմանը վերաբերող դասընթացները, առավել հայտնի՝ լայֆ քոուչինգ անունով: Այդ դասընթացների ընթացքում մարզիչը՝ քոուչը օգնում է մասնակցին աշխատել սեփական նպատակների վրա, կատարելագործել գիտելիքներն ու հմտությունները, ընտրել մասնագիտական և կենսական ճիշտ ճանապարհ  և արդյունքում հաջողության հասնել:

Հայաստանում տեսակի մեջ առաջինն ու, թերևս, միակը «Զարթուցիչ» թրեյնինգների շարքն է: Վերջինս հիմնադրվել է երեք տարի առաջ: Հիմնադիրը հաշվապահ, ֆինանսիստ, տնտեսագետ Գրիգոր Առաքելյանն է: Հարցին, թե ինչպես ծնվեց «Զարթուցիչն» իրականացնելու գաղափարը, պատասխանում է. «8-րդ դասարանից սկսել եմ ուսումնասիրել հոգեբանական գրքեր սեփական խնդիրներս լուծելու համար: Այնուհետև խորհուրդներ էի տալիս ընկերներիս, ծանոթներիս, ովքեր հոգեբանական օգնության կարիք ունեին, բայց հոգեբանի դիմելու հնարավորություն չունեին: Եվ, կարծես թե ստացվում էր: Տարիներ անց, բազմաթիվ գործընթացներից հետո, «ծնվեց» «Զարթուցիչը»:

Ըստ Գրիգոր Առաքելյանի՝ հոգեբանական խնդիրների գլխավոր պատճառը անձի թերի կամ սխալ զարգացումն է, լուծման գլխավոր ճանապարհը՝ դինամիկ զարգացումը վերականգնելն ու ժամանակին կատարված սխալ զարգացումը շտկելը, որն էլ կատարվում է «Զարթուցիչում»:

«Զարթուցիչում», խթանելով մասնակիցների անձնային աճը,  հնարավորություն է տրվում գիտելիքներ ստանալ նաև բիզնես ոլորտի վերաբերյալ, որից հետո շատերը ստեղծում են սեփական բիզնես-նախագծերը: Նրանց հնարավորություն է տրվում սեփական արտադրանքը ներկայացնել մյուս մասնակիցներին, և շատերը սկսում են համագործակցել:

Մասնակիցների համար ոգևորող օրինակ է նաև հիմնադրի անձնական պատմությունը: Գրիգոր Առաքելյանն, ով այժմ բազմաթիվ բիզնես-նախագծերի հիմնադիր-ղեկավար է, իր հաջողակ ճանապարհն սկսել է հաշվապահի օգնականի օգնական աշխատելով, ով ընդամենը թղթեր էր «տանում-բերում:

«Զարթուցիչը» տևում է 1 ամիս, շաբաթական 2 դաս: Մինչ օրս այն ունեցել է 1000-ից ավելի մասնակիցներ, ովքեր իրենց շփումը շարունակում են նաև դասընթացից հետո՝ ղեկավարի կազմակերպած արշավների և բազմաբնույթ հանդիպումների ընթացքում: Մեկ դասընթացի արժեքը 45000 դրամ է: Վճարումը կատարվում է դասընթացի վերջում: Բոլոր նրանք, ովքեր դժգոհ են արդյունքից, հետ են ստանում ամբողջ գումարը՝ առանց հարցերի: Ըստ Գրիգոր Առաքելյանի՝ դեռևս ոչ ոք հետ չի պահանջել վճարած գումարը:

Մարտի 28-ին մեկնարկում է թվով 14-րդ «Զարթուցիչը», որի 0 դասին մասնակցությունն անվճար է: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

 

Մարիամ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել