Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն...

Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ. Նիկոլ Փաշինյան

282

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ուղերձը հայությանը․

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում եւ Հայաստանում, դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը: Հարձակման մասշտաբները աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում:
Հարյուրավոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր եւ հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր եւ տասնյակ հազարավոր հետեւակ՝ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական բանակի դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-ից 200 թշնամական զինվոր, ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ:
Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները:
Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ շաբաթ՝ Արցախի պաշտպանության բանակը, մեր կամավորական ջոկատները կենաց եւ մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր:
Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:
Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին:
Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ եւ քույրեր.
Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետեւից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու:
Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլեւս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբեւէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ:
Դրանում համոզվել եմ նաեւ՝ երեկ երեկոյան հեռախոսազրույց ունենալով Արցախի Պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների եւ ենթասպաների հետ:
Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ եւ կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել են հաղթանակի անզուգական համը, այլեւս համաձայն չէ որեւէ ուրիշ ճակատագրի:

Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում:
Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք, այլեւս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն.  
Սա մի նոր Սարդարապատ է և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի և նպատակի անունն է հաղթանակ:
Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք, որ մենք անպայման կհաղթենք, մենք անպայման կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայման կհաղթենք:

Եվ ուրեմն՝                                                          
Կեցցե Ազատությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Փառք ընկած հերոսներին:
Փառք հայոց հաղթական բանակին»
,- ասել է վարչապետը։

Կիսվել