Մարսելի հայ համայնքը իր օգնությունը շուտով կուղարկի Հայաստան

Մարսելի հայ համայնքը իր օգնությունը շուտով կուղարկի Հայաստան

885

‹‹Համայնքը դարձել է պաշտպանության նախարարության թիկունքը և զինակիցը: Մեծ սրտով և ոգևորությամբ, փոքր թե մեծ, փոքր միջոցներով, թե շատ միջոցներով, առանց հարցնելու բերում են իրենց օգնությունը հանուն Հայաստանի, հանուն զինվորի, հանուն Արցախի, որպեսզի ազատ ապրի մեր վաղվա Հայաստանը››,ասում է Աբովյան վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:

Ֆրանսիայի Մարսել քաղաքում հայ համայնքը մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն է հավաքում` այս կերպ իր զորակցությունը հայտնելով Հայաստանին: Աշխատանքները իրականացվում են  Սրբոց Թարգմանչաց հայ առաքելական տաճարի, Ալթիչութ 5167 կազմակերպության և Աբովյան Վարժարանի նախաձեռնությամբ:

Հայությունը հավաքագրում է անհրաժեշտ նյութական օգնությունը` ամեն օր ստանալով հարյուրավոր արկղեր: Նմանատիպ կետեր են բացվել Ֆրանսիայի այլ բնակավայրերում ևս:

Աբովյան վարժարանի սաներն էլ գրել են նամակներ, որոնք արկղերի հետ կհասնեն իրենց հասցեատեր զինվորներին և հայրենակիցներին:

‹‹Մեր հայրենակիցներին կուզենամ ասել, հայրենիքում, թե սփյուռքում, մենք մեկն ենք, մենք հայ ենք: Մեր մեջ հոսում է Հայկի, Տիգրան Մեծի, Մոնթեի, Անդրանիկի արյունը: Մենք պետք է լինենք աշխարհը լուսավորող ազգ: Եղել ենք, կանք ու կլինենք: Բոլոր շրջաններում, որտեղ ես լսում եմ  հայախոս, ֆրանսախոս, անգլախոս, ռուսախոս հայերի, տեսնում եմ, որ հայ համայնքի սիրտը բաբախում է Հայաստանի համար: Տարբեր քաղաքներից`Լիոն, Վալանս, Գրենոբլ… այն  քաղաքներում, որտեղ կա գոնե 2 հայ, արդեն հավաքվել են արկղեր, որոնք կուղարկվեն Հայաստան: Փառք ու պատիվ մեր զինվորներին››,- Մեզ հետ զրույցում  նշեց Աբովյան վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:

 Լուսանկարները` նախաձեռնող թիմի կողմից

Լիանա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել