Զորակցության համազգային աղոթք` հանուն Արցախի

Զորակցության համազգային աղոթք` հանուն Արցախի

679

Այսօր Հայաստանի և Սփյուռքի բոլոր եկեղեցիներում և վանքերում կատարվեց զորակցության համազգային աղոթք` հանուն Արցախի։ Գայանե վանքը լեփ֊լեցուն էր հավատացյալ ժողովրդով, ովքեր միասին աղոթում էին երկրի խաղաղության և հաղթանակի համար։

Տասնիննամյա  Սոնան, ով եկել էր աղոթքի, Աստծուն խնդրում էր խաղաղություն, հավատով աղոթում  էր, և երազում, երբ հասնի տուն, լսելու է` ամեն ինչ վերջացել է։ Նրա խոսքով, երբեք այսքան Աստծո կարիքը չի ունեցել, որքան այսօր։ Նա հավատացած է, որ մենք հաղթելու ենք Աստծո հետ միասին։

Վեհափառ Հայրապետը իր ուղերձում ասաց.

«Սիրելիներ, հաղթանակը որոշվում է ոգու ամրությամբ ու արիությամբ և անպարտելի հավատքով, որով միշտ զորեղ է եղել մեր ժողովուրդը՝ օրհասական պահերին իր ազատամարտերը պսակելով փառավոր հաղթությամբ։ Մեր միաբանությամբ, անպարտելի ոգով ու հավատով պիտի հաղթահարենք փորձություններն ու նեղությունները, և Աստծո օրհնությամբ ազգս հայոց պիտի շարունակի զորացնել իր պետականությունը, բազմապատկել խաղաղ կյանքի ձեռքբերումները, որոնցով անկախության այս տարիներին շենացել է Հայաստան և Արցախ մեր հայրենիքը։ Ոգու ուժ և եռանդ, տոկունություն և հաղթանակներ մեզ և Արցախի բարեպաշտ մեր ողջ ժողովրդին։ Սիրելիներ, Մենք հպարտ ենք մեր ժողովրդով․իրենց զավակներին հայրենիքին ընծայող մեր հայրերով ու մայրերով, դեպի առաջնագիծ շտապող հայրենասեր երիտասարդներով ու ազատամարտիկներով, հանուն մեր կյանքի անվտանգության ու հարատևության տքնողներով, Արցախին սատարող ամեն մեծ ու փոքրով։ Հպարտ ենք զինվոր ու սպա մեր զավակներով, որ անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները և մարտնչում են հաղթանակի անվերապահ հավատով։ Մենք հպարտ ենք մեր ժողովրդի համախմբվածությամբ և միասնականության դրսևորումներով, արցախահայությանը օգնական լինելու աշխարհասփյուռ հայության պատրաստակամությամբ և հանձնառություններով, որով պիտի դիմագրավենք թշնամուն և թույլ չտանք իրագործել նոր ցեղասպանություն»։

Գևորգ սարկավագ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանաագիտական գործելաոճի շնորհիվ Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդն իր զորակցությունն է հայտնել Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին Արցախի Հանրապետության դեմ սանձնազերծված ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առիթով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զորակցության նամակներ են ստացվում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերից, տարբեր երկրների կրոնապետերից, ուղերձներ միջեկեղեցական կազմակերպություններից։

«Այսպիսով, 1700֊ամյա Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին բոլոր ժամանակներում եղել է և կմնա հայ ժողովրդի իղձերի ու երազանքների կրողը, առաջնորդողն ու ջահակիրը։ Այլ ժողովուրդների և երկրների պատմության մեջ դժվար է գտնել համանման մի երևույթ, մի զուգահեռ, ուր այսպես միահյուսված լինեն աշխարհիկ և հոգևոր իշխանությունները, ուր եկեղեցին հավասարաչափ կրի իր հոտին բաժին  հասած վիշտն ու տառապանքները, և պատասխանատու լինի անցյալի, ներկայի  ու ապագայի համար։ Հայ Եկեղեցու հայրերը միշտ էլ կրել և կրում են իրենց խաչը անխոջ, լի քրիստոնեական սիրով և նվիրումով»։

Լուսանկարնեը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջից։

Լենա Կարապետյան

2֊րդ կուրս

Կիսվել