ՄԱՐԴԸ «ԺԱՄԱՆԱԿԻ» ՄԵՋ ԿԱՄ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԴԸ «ԺԱՄԱՆԱԿԻ» ՄԵՋ ԿԱՄ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

1860

Հարցազրույց լուսանկարիչ, վավերագրող Զավեն Խաչիկյանի հետ

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը ծնվել է 1955թ. Հուլիսի 27-ին Մեղրիում: 1972թ. Երևանում ավարտել է դպրոցը, իսկ 1977 թվականին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, 1979-81 թթ. սովորել ասպիրանտուրայում: 1982 թվականին որոշել է կտրուկ փոխել մասնագիտություն ը և զբաղվել կինո-ֆոտոլրագրությամբ, համագործակցել տեղական երիտասարդական թերթերի հետ: 1988-ին, որպես լավագույն ֆոտոլրագրող, ստացել է Հայաստանի կոմերիտական երիտասարդական միության մրցանակ: Լուսաբանել է 1988-ին սկիզբ առած շարժումը, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները, եղել պատերազմի դաշտում` որպես ֆոտոլրագրող: 

Ձեր նկարներում միշտ ընդգծված է անհատը, մարդը, այդպե՞ս եք փորձում կերտել Ձեր հերոսի կամ հերոսուհու ինքնությունը:

-Եթե այս երկրագնդի վրա մի հետաքրքիր բան կա, դա գիտու թյունն է, և ամենահետաքրքիրը գիտությունն է մարդու մասին: Ի՞նչ է անում մարդը. նա  իրեն է փնտրում, ուզում է հասկանալ՝ ինքը ո՞վ է: Մարդը մինչև հիմա չի պարզել` ո՞ւր է գնում… Երբ գիտության մեջ էի, այդ հարցին չէի փորձում պատասխանել, ես ուսումնասիրում էի Աստծու օրենքները և ժամանակ չունեի ներքև նայելու`  մարդուն: Մենք` տեխնիկական կրթություն ստացողներս, ավելի կտրված էինք մարդուց, ես չգիտեմ`  հումանիտար կրթություն ստացողները ինչքանով են մոտ  մարդուն, համենայն դեպս, երբ  գրականությամբ ես զբաղում կամ գեղանկարչությամբ, դու ավելի մոտ ես նրան: Արդեն 70-ականների վերջն էր: Հասկացա, որ պետք է ուրիշ բանով զբաղվել: Ուզում էի կինո տեղափոխվել, հարկավոր էր զբաղվել լուսանկարչությամբ և այդպես մնացի լուսանկարչության մեջ կամ լուսանկարչությունը… իմ մեջ առ այսօր: Միշտ փորձել եմ ինձ հասկանալ, դիմացինին հասկանալ… հենց  մարդուն հասկանալ: Մարդը միշտ եղել է իմ հետաքրքրությունների կիզակետում, որովհետև ես չեմ սիրել ինքս ինձ խաբել… Մարդը  մի անծայրածիր աշխարհ է: Ժամանակից  հանես մարդուն,աշխարհը  կդառնա դատարկ մի բան: Երևի թե ամենաշատը հիասթափված եմ այսօրվա  մարդուց, այսօրվա իմ շրջապատի մարդու տեսակից, հիասթափված եմ, որովհետև անտիմարդու մի տեսակ կա, որ հավաքել է իր մեջ միայն բացասականը… Մի կողմից  ունենք Սարոյան, Ազնավուր, Մաթևոսյան, Թումանյան, Չարենց, մյուս կողմից էլ այդ նույն մարդու մեջ տեսնում ես միայն բացասականը, ճղճիմը…

-Դուք հաճախ խոսում եք մանկությունից և սիրում եք աշխատել մանուկների հետ, իսկ ի՞նչ համ ու հոտ, ի՞նչ գույներ է ունեցել Ձեր մանկությունը:

-Ծնվել եմ ամենահարավային Մեղրիում, իմ ծննդավայրը ճարտարապետական կոթող է, ինքը շատ հետաքրքիր շինություն էր` իր սալահատակ փողոցներով, փայտե տներով և աշխատասեր մարդկանցով, ցավոք… այն փլվեց, գնաց…  Իմ մանկության տարիները՝ հատկապես մինչև 5-րդ դասարան, ինձ համար հեքիաթային են եղել, ես կուզենայի միշտ մնալ իմ մանկության մեջ…

-2010 թվականի մարտի 2-ին տեղի են ունեցել Ձեր ցուցահանդեսն ու գրքի շնորհանդեսը, որն անվանել էիք «Մենք գալիս ենք մանկությունից» կամ «543210»: Ինչո՞վ էր պայմանավորված նման վերնագրի ընտրությունը:

-Գրքի լույս ընծայումը  պլանավորված չէր, որովհետև աշխատում  էի այլ գրքի վրա, բայց ստացվեց այնպես, որ մանկական լուսանկարների այդ շարքը խիստ առանձնացավ իր որակով և քանակով, ես որոշեցի այն մի առանձին փաթեթի մեջ դնել: Գիրքը շատ հախուռն ծնվեց և պարզվեց, որ այդ ժամանակ 54 տարեկան եմ, գիրքը լույս է տեսնում երրորդ ամսվա երկրորդ օրը, 2010 թվականին: Այդ օրը ցուցահանդեսն էր, նաև մայրիկիս ծննդյան օրը: Սև ու  սպիտակ լուսանկարներ, անցած տարիներ, պատերազմի տարիներ, շարժում…Կարծում եմ` այն մեծ դեր է ունենալու ֆոտոպատմության մեջ, ցավոք, հայկական լուսանկարչությունը դեռ պատմություն չունի…

-Ասացիք երկրաշարժ. շարժում, պատերազմ. ի՞նչ հետք կամ հետագիծ են թողել Ձեր լուսանկարներում կամ մասնագիտական գործունեության մեջ:

-1988 թվականի մայիսին մենք Այդին Մորիկյանի հետ առաջին անգամ գնացինք Ղարաբաղ, դեռ պատերազմ չկար, հետո 90-ին կրկին գնացել ենք: Վտանգավոր էր նույնիսկ տանից դուրս գալը, բայց դրա մասին մենք չէինք մտածում: Պատերազմը անխուսափելի էր,երբ վերադարձանք Երևան, ես ասացի` պատերազմի հոտ է գալիս… Ազատությունը եկավ այս  երկիր,ազատություն մինչև … անտերություն: Եկավ ազատ լուսանկարչությունը, եկան ավելի ազատ, բայց և հոգսաշատ ժամանակներ: Կուզեի  զբաղվել ավելի մաքուր լուսանկարչությամբ, հիմա էլ ուզում եմ կտրվել այս կենցաղից և զբաղվել փաստավավերագրությամբ:

-Ձեր մասնագիտական գործունեության ամենադժվար շրջանը ո՞րն է եղել:

-Ինձ մոտ ամեն ինչ դժվար է ստացվել,եթե նորից հնարավորություն լիներ, նորից սկսելու, ես կմնայի գիտության մեջ: Այսօր կինո չկա, թատրոն չկա, որովհետև քաղաքը ուրիշ հոգսեր ունի: Ամենադժվարը այն է, որ այսօր չկա քո կատարած աշխատանքի հասարակական պահանջ: Ամենադժվարն այսօր ապրելու խնդիրն է: Չեմ կարող խոսել մասնագիտական գործունեության դժվարության մասին:

՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

-Երևի թոռների ներկայությունն իմ կյանքում,էլի այդ նույն երեխան… Ավելի մոտիկից, որ ամեն օր շփվելու հրճվանքը ունես, այդ հրաշքով զարմանալու և հիանալու, մանկանալու հնարավորությունը ունես:

 

Թամարա Վարդանյան

1-ին կուրս

Կիսվել