ՊԲ-ն չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և...

ՊԲ-ն չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում. Արայիկ Հարությունյան

164

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր

Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:

Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:

Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»,-գրել է ԱՀ նախագահը։

Կիսվել