ՈՏՔԵՐԻՍ ՈՒԺԸ ՁԵՌՔԵՐԻՍ ՄԵՋ Է

ՈՏՔԵՐԻՍ ՈՒԺԸ ՁԵՌՔԵՐԻՍ ՄԵՋ Է

1905

-Գևորգ (այսուհետ խնդրեց դիմել Գև-ով), քեզ ի՞նչպես ներկայացնեմ։

-Ինչպես հասցրիր ինձ ճանաչել, այն ինչ իմ մասին մտածում ես։

Գևորգ Աֆրիկյանը Գեղարքունիքի մարզից է՝ Գավառ քաղաքից։ Ի ծնե ունի տեղաշարժման խնդիրներ, քայլում է հենակների օգնությամբ, բայց ոչինչ չի խանգարում, որ զբաղվի իր սիրած գործերով, օրինակ՝ կամավորական աշխատանք կատարելով, արշավներ կազմակերպելով։

-Տասներկու տարեկանից ակտիվ աշխատում եմ հասարակական կազմակերպությունների հետ, իսկ տասնվեց տարեկանից կազմակերպում եմ հայրենաճանաչողական արշավներ։ Խմբերով գնացել ենք սահմանամերձ գյուղեր, զինկոմիսարիատներ՝ բարեգործական ակցիաներով ։

Հասցրել է լինել Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում՝ Շաքեի ջրվեժում, Վանեվան վանական համալիրում, Տաթևի վանքում և այլուր։ Արշավախմբով կարողացել է հաղթահարել Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռը (2829մ)։

Բայց ուժային փորձություններ հաղթահարել է ոչ միայն այս ոլորտումզբաղվում է նաև բազկամարտով ու մարմնամարզությամբ։

-Ոտքերիս ուժը ձեռքերիս մեջ է։ Երբ ինձ ասում են չես կարող, ես ամեն ինչ անում եմ, որ ապացուցեմ՝ անհնար ոչ մի բան չկա, ամեն ինչ էլ կարող եմ, ինչո՞վ եմ պակաս․․․ բոլորս էլ հավասար ենք։

Գևորգի կազմակերպած արշավները միշտ ուղեկցվում են ազգային երգ ու պարով։ Ազգայինի «գիժը» (ինչպես ինքն է ասում) և Մերթարչյան Սոնան իրենց  հիմնադրած «Կանչ» խմբով  ավանդական պարեր են սովորեցնում նաև 6-17 տարեկան երեխաներին։ Սոնան զբաղվում է գեղարվեստական, իսկ Գևորգը՝ տեխնիկական աշխատանքներով։

Գևորգին և Սոնային միավորել է ոչ միայն ազգային պարըերկուսն էլ ուզում են իրենց քաղաքը, շրջապատը ավելի լավը տեսնել։

Բայց միայն ազգային պարերը չեն, որ Գևորգին հետաքրքրում են համակարգչային օպերատոր է։ Բայց սա էլ բավական չէ՝ ուզում է ընդունվել իրավաբանական ֆակուլտետ։ Իրավաբանական խոհուրդներով շատերին է օգնում։

-Գև, որ ընդունվես, Երևան ես չէ գնալու, շուտ կհարմարվե՞ս։

-Դե, միշտ էլ դժվար է սկիզբը, բայց հետո ամեն ինչ կարգավորվում է։ Պետք չէ բոլորին ուշադրություն դարձնել, ամեն մեկը իր կարծիքն ու վերաբերմունքը ունի։ Պետք է միշտ շարժվել առաջ։

Այս խորհուրդը Գևորգը տվել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, սեմինար է անցկացրել։

-Ես փորձել եմ իրենց բացատրել, որ հաշմանդամությունը դեռ վերջը չէ, պետք չէ երեխային  ասել` դուրս մի´ արի, կամ չես մասնակցի ոչ մի բանի, որովհետև խնդիրներ ունես։ Կարող եմ ասել, որ հաջողություն ունեցա․ բացատրեցի, մի քանի ծնող հասկացան, համոզվեցին։

-Գև, շատ ընկերներ ունես չէ՞։

-Հա․․․ շատերն են ինձ օգնել ու օգնում են, սրտացավ մարդիկ շատ կան։ Բոլորը ինձ ճանաչում են, մեզ մոտ էլ, կողքի գյուղերում էլ։ Բայց եթե մենակ էլ ես,  ոչ մի բանից ու ոչ մեկից վախենալ պետք չէ, մենակ առաջ։ Պետք է այնքան աշխատել, որ ծնողներիս հույսերը արդարանան։

Գևորգին ընկերները նկարագրում են այսպես՝ շատ համառ, պայքարող, շուտ նվիրվող մարդ։

Այս ամենին Գևորգը հասել է՝ առաջնորդվելով իր կարգախոսով«Կարողացել են բոլորը,  կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք, ես կլինեմ առաջինը»։

-Գիտես՝ ծառայել եմ ուզում։

-Ո՞րտեղ։

-Արցախում․․․օրենքով չեն թողի, կամավոր․․․

 

Գայանե Պողոսյան

3-րդ կուրս

Կիսվել