«ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ»-Ն ԱՐԴԵՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է

«ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ»-Ն ԱՐԴԵՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է

1741

Գործատուին ճիշտ ներկայանալու, ժամանակակից CV գրելու, կրեատիվ լինելու և անձի մարքեթինգի հմտություններին այս անգամ ծանոթացան Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները։ «University tour»  նախագծի երկրորդ սեմինարը մարտի 21-ին էր։

Դարի հարց դարձած «աշխատանք չկա» հասկացությունը հոգեհարազատ էր ուսանողների մեծ մասին. այդ մասին էին փաստում և՛ բազմամարդ դահլիճը, և՛ թրեյնինգի ընթացքում ակտիվ քննարկումները։

«Global Media Lab» ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանն ուսանողներին ծանոթացրեց տարբերվող CV  գրելու,  համապատասխան աղբյուրներ գտնելու և հետադարձ պատասխանին հետամուտ լինելու կանոններին, հարցազրույցին ներկայանալու էթիկետին։ Սկզբում դրան թերահավատորեն վերաբերվող ուսանողները թրեյնինգի ավարտին ոչ միայն հավանություն տվեցին այդ գաղափարին, այլև ներկայացրին նաև իրենց կրեատիվ գաղափարները։

Աշխատանք գտնելը իրատեսական և շոշափելի դարձնելուն հաջորդեցին ինքնադրսևորման ճիշտ խորհուրդները։ Թրեյնինգի երկրորդ մասում Սեդա Վարդանյանը  ուսանողներին ներկայացրեց աշխատավայրում սեփական բրենդի ստեղծման ուղիները, միջոցները, հնարավորությունները։ Մարքեթինգային հաջողությունները, ըստ բանախոսի, սկսվում են շատ մանր, հասարակ քայլերից, ինչպես օրինակ՝ հագուստից, սանրվածքից, խոսելաոճից և այլնից։ Թրեյնինգի մասնակիցները  իմացան աշխատանքի տեղավորվելու և ճիշտ դրսևորվելու համար շատ կարևոր մանրամասներ, օրինակ ՝ ինչով է CV-ն տարբերովում ռեզյումեից, ինչու օգտագործել gmail ոչ թե mail.ru և այլն։

Վերջում արդեն բավականին շատ գիտելիքներով զինված լսարանը իմացավ 10 հմտությունների մասին, որոնց շնորհիվ կկարողանա լինել պահանջված աշխատաշուկայում։ skill.am հարթակի հիմնադիր տնօրեն Սերգեյ Ուսնունցը ներկայացրեց այն միջոցները, որոնք կան և ճանապարհներ, որոնց միջոցով կարող է յուրաքանչյուրը իրեն ներկայացնել։ «Յուրաքանչյուրն ունի կրեատիվ մտածողություն, պարզապես պետք է հասկանալ՝ ինչպես զարգացնել և օգտագործել»,- ասաց բանախոսը։

Թրեյնինգն առավել հետաքրքիր դարձրեց ինտերակտիվ խաղը, որը թրեյնինգի արդյունավետությունը ստուգելու հետ մեկտեղ մասնակիցներին 3 մրցանակներին արժանանալու հնարավորություն տվեց։ Առավել արագ ու ճիշտ կողմնորոշվեց Լիլիթ Քիշոյանը՝ Կառավարում ֆակուլտետից, ինչի շնորհիվ ստացավ Տիմատիի հայաստանյան համերգի տոմս։ Մյուս մասնակիցները ստացան Kinopark-ի ֆիլմի տոմս և ականջակալ:

Հանդիպման ավարտին ինչպես արդեն գրված CV-երը փոխարինվեցին ժամանակակից CV-երի կրեատիվ գաղափարներով, այնպես էլ ավելացավ Հայաստանում համապատասխան աշխատանք գտնելու լավատեսական տրամադրվածությունը:
Նշենք, որ «University tour» ծրագիրն իրականացվում է «skill.am»  կայքի և «Global Media Lab» ընկերության  համատեղ նախաձեռնությամբ։ Այն կանցկացվի ևս 8 համալսարաններում։

 

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել