Եթե դատարանը չկարողանա քայլեր ձեռնարկել, կարող է հարցը փոխանցել նախարարների կոմիտե. Եղիշե...

Եթե դատարանը չկարողանա քայլեր ձեռնարկել, կարող է հարցը փոխանցել նախարարների կոմիտե. Եղիշե Կիրակոսյան

799

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ասաց, որ  ամենօրյա ռեժիմով ՄԻԵԴ են ներկայացրել ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից կոնվենցիոն և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին։

«Ամեն օր թարմացումներ ենք ուղարկում՝ ի ցույց դնելու այս իրավունքների՝ Ադրբեջանի տոտալ անտեսումը։ Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում առկա տվյալները եւ տարբեր պետությունների նախագահների ու ԱԳՆ-ների հայտարարությունները, Դատարանին խնդրանք ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառել նաև Թուրքիայի նկատմամբ։ Ներկայացրել ենք բոլոր ապացույցները՝ Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից այս ռազմական գործողություններին ահաբեկչական խմբավորումների մասնակցությունն ապահովելու վերաբերյալ»,-նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Այսօր Հայաստանը  ՄԻԵԴ է ուղարկելու տեղեկություններ նաև այն մասին, թե մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում՝ իրավունքների խախտումներ թույլ չտալու համար։ 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հիշեցրել է, որ դատարանին է ներկայացվել նաև ռուսական արտաքին հետախուզության կողմից տարածված հաղորդագրությունը։

«Ստացել ենք որոշումը, որով հղում է կատարվում նախկին՝ հակտեմբերի 29-ի որոշման վրա, կոչ է արվում պետություններին զերծ մնալ գործողություններից, հստակ շեշտվում է Թուրքիան: Ադրբեջանը չի թարմացրել, տվյալներ չի ներկայացրել, թե ինչ քայլեր է կատարել, ինչ քայլեր չի կատարել», – ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ դատարանին դիմել են նաև հաշվետվության հարցում հետևողական լինելու հետ կապված:

Եթե դատարանը չկարողանա քայլեր ձեռնարկել, կարող է հարցը փոխանցել նախարարների կոմիտե, որը քաղաքական ճնշումների արդյունքում կկարողանա հասնել որոշման կատարմանը:  Ի վերջո, հայկական կողմի ներկայացրած փաստերի հիման վրա ՄԻԵԴ-ը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը:

Կիրակոսյանի խոսքով՝ վճռի մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ հայկական կողմը հիմնական գանգատ ներկայացնի: Այս դեպքում խոսքը միջանկյալների մասին է:

Կիսվել