ԱՂՋԻԿՆԵՐԸ ԿԻԹԱՌ ՆՎԱԳՈՂ ՏՂԱՆԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ

ԱՂՋԻԿՆԵՐԸ ԿԻԹԱՌ ՆՎԱԳՈՂ ՏՂԱՆԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ

2240

Իմ զրուցակիցը Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանակվարժական քոլեջի սան Հայկ Եգանյանն է: Զրույցի ողջ ընթացքում կիթառը Հայկի ձեռքին էր. Նվագում էր, պատմում, լռում ու էլի նվագում:

-Սկսել ես նվագել, երբ նոր դարձել էիր տառաճանաչ: Կպատմե՞ս առաջին քայլերի մասին:

-Հայրիկս կիթառահար է, դեռ օրորոցից կիթառի հնչյուններով եմ մեծացել: Ութ տարեկանից հաճախեցի պարապմունքների, իսկ տասը տարեկանում արդեն տրտնջում էի, չէի ցանկանում նվագել: Հայրս ասաց, որ աղջիկները կիթառ նվագող տղաներին շատ են սիրում: Դա մեծ զենք էր, որովհետեվ սիրահարվել էի կիթառի ուսուցչուհուն,- ժպտում է ու շարունակում,-ուսուցչուհիներս երկվորյակ էին, ամեն դասին նրանցից մեկն էր պարապում, իսկ ես դա չէի էլ հասկացել, մինչև նրանցից մեկն ամուսնացավ ու այլևս չեկավ:

-Երաժշտությունը ամենահզոր զենքն է, քանի որ մեղեդու ներդաշնակությունը թափանցում է մարդկանց հոգու խորքերրը: Ի՞նչ է երաժշտությունը քեզ համար:

-Երբ մի բան շատ ես անում, սկսում ես հոգնել, այն դադարում է լինել հետաքրքիր, և ուղղակի ես սկսում անել: Շատ երաժիշտներ դառնում են հարբեցող, որովհետև կորցնում իրենց, երաժշտության զգացողությունը: Կա մուսա, ինչի շնորհիվ էլ ստեղծում եմ երաժշտություն:

-Ի՞նչ կամ ու՞մ տեսքով է քո մուսան:  

-Բնականաբար աղջկա (ժպտում է): Երբ այդ մուսան լինում է, կաշվիցս դուրս եմ գալիս, որ անեմ ամենալավը, նվագեմ կատարյալ, իսկ երբ չի լինում, ամեն ինչ վատ է լինում:

-Ո՞ր գործիքն է հարազատ, ո՞րն ես նվագում առավել սիրով:

-Նվագում եմ պղնձափողային և հարվածային գործիքներ, բայց առավել սիրով` կիթառ, այն միշտ ինձ հետ է:

-Հայկ, կարծում եմ, ամեն ինչ սեր է, Աստված ինքը սեր է (Էքզյուպերի): Կա՞ քեզ համար սեր-երաժշտություն շղթա:

-Երբ պինգվինը սիրահարվում է, շրջակա միջավայրում փնտրում և գտնում է ամենափխրուն քարը և նվիրում է իր զույգին: Պինգվիններն ու կարապները մեկ անգամ են սիրում իրենց կյանքում: Ես էլ պինգվին կամ կարապ եմ: Սերն ու երաժշտությունը շղթա չեն, դրանք նույնն են ինձ համար:

-Գիտեմ, որ «Գիտությունով կչալե» սերենադ-կազմակերպության կիթառիստ ես: Կպատմե՞ս հետաքրքիր դեպք:

-Այս կազմակերպությունը սիրահարների շտապօգնություն է: Սերենադ նվագում ենք աղջիկների, նույնիսկ տատիկների համար: Մոտ 120 աղջիկների ու տատիկների ենք հուզել: Ամեն մեկը յուրովի հետաքրքիր է:

-Ի՞նչ կփոխեիր քո կյանքում, եթե հնարավորություն լիներ:

-Ավելի լավ կսովորեի: Ետ կբերեի ամեն րոպեն, որ ծախսել եմ ավելորդ:

-Հնարավոր չէ ստեղծել նուրբ մեղեդիներ ու չերազել: Երազկո՞տ ես:

-Երազանքները չկատարվող երևույթներ են: Փորձում եմ չերազել:

-Ի՞նչ կլինի, երբ ցած դնես կիթառը:

-Աշխարհում` երկրաշարժ, մեջս` փոթորիկ: Այն ամբողջ օրը ինձ հետ է, տանը, աշխատանքի ժամանակ` միշտ ու ամեն տեղ: Մենք երբեք չենք բաժանվի:

 

Լիանա Կարապետյան

4-րդ կուրս

Կիսվել