ՌՈՔԻ ԽԵԼԱՀԵՂ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՌՈՔԻ ԽԵԼԱՀԵՂ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

1441

Ռոք երաժշտության սիրահարների համար իսկական տոն էր, քանի որ մարտի 24-26-ը Երևանում մեկնարկվեց Music Drive Festival  եռօրյա միջազգային փառատոնը: Երիտասարդները այս օրերին կարողացան մի լավ ուրախանալ, լցվել դրական էմոցիաներով, վայելել իրենց սիրելի ռոք երաժշտությունը տարբեր ժանրերում: Փառատոնը տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթներ և բացօթյա համերգներ եղան նաև հարակից Անգլիական այգում:

Փառատոնին մասնակցում էին ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում ելույթ ունեցող հայտնի խմբեր` արտասահմանից և Հայաստանից: Music Drive Festival-ը  անցկացվում էր առաջին անգամ, բայց հավակնում է դառնալ ամենամյա: Արտերկրից իրենց կատարումներով հանդես եկան 8 խումբ, այդ թվում` Անգլիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Դանիայից, Ռուսաստանից: Մեր հայ երաժիշտներից էլ մասնակցեցին Վահան Արծրունին` իր Artsruni Band-ով , Արտո Թունջբոյաջյանը, Dogma, Empiray, The Beautified  Project, «Ոստան հայոց» խմբերը:

Music Drive-ի գլխավոր համակարգող և «Ռոք ասոցիացիայի» նախագահ Վարդան Գրիգորյանի խոսքերով ելույթ ունեցան հետաքրքիր երաժշտություն ներկայացնող խմբեր, ովքեր եկան շատ պատրաստակամ, հաճույքով ու լավ նվագելու համար: Ելույթ ունեցող խմբերը այդքան էլ հայտնի չէին, բայց տաղանդավոր երաժիշտներ էին, որոնք գուցե մեծ ճանաչում ունեն իրենց երկրներում ու եվրոպական որոշ երկրներում, բայց մեզ մոտ ոչ այնքան:  6 ալբոմ ունեցող Շվեդիայից Anekdoten 27 տարվա խումբ է, և արտռոք լսողների շրջանում մեծ սիրահարներ ունի, բայց Հայաստանում քիչ մարդիկ գիտեն այս խմբի մասին:

Փառատոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն էին Հայաստանի մշակույթի նախարարությունը և «Ռոք» ասոցիացիան: Ֆինանսավորումը ամբողջովին պետական էր, իսկ աջակիցն էր «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը» և Zhesht Events-ը:

Կարինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել