ԿԱՄՐՋԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՄՐՋԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1662

«Կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ի սահամններից այն կողմ հայ և Թուրքիայից եկած ֆոտոլրագրողները ժամանակի քարացած կարծրատիպերը կոտրելու էական փորձ են կատարել։ Նրանց մասնակցությամբ հունվարի 24-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց «Կամրջելով պատմությունները» կամ “BridgingStories” ցուցահանդեսը։ Համանուն ծրագիրն իրականացրել է «Պատմագիր» սրճարան կամ Storyteller’s Cafe հասարակական կազմակերպությունը։ Այն վարել ու համակարգել են Անուշ Բաբաջանյանը և Սերա Ակջանը, իսկ ֆոտոլրագրողներին լուսանկարի միջոցով պատմություն ներկայացնելու և իրենց աշխատանքները կատարելագործելու հարցում իր մեծ ներդրումն է ունեցել National Geographic-ի հայտնի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը։ Մեր այն հարցին, թե ի՞նչ սպասումներ  ունի ծրագրից և ցուցահանդեսից, լուսանկարիչը հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքում ավելի լավ կընկալենք ինքներս մեզ, մեր հարևաններին, մարդկությանը։ Նա վստահ է, որ պատմություն պատմելու եղանակն օգտագործելով մեր տարբերությունները կարող ենք կապել իրար.

-Միայն երկխոսության, “Bridging Stories”-ի դեպքում տեսողական երկխոսության միջոցով մենք կարող ենք ավելի լավ ընդունել մեր նմանությունները, որպեսզի հասնենք խաղաղության,- հավաստիացնում է National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը։

«Կամրջելով պատմությունները» ծրագրի աշխատանքների համակարգման խմբի անդամ Սոֆյա Մանուկյանի խոսքերով՝ հայաստանաբնակներին պարզապես հետաքրքիր էր տեսնել լուսանկարիչների աշխատանքները և նրանց հայացքով ծանոթանալ Թուրքիայում սովորական մարդկանց առօրյա կյանքին։ Նա համոզված է, որ, երբ լուսանկարները ցուցադրվեն Թուրքիայում, այնտեղ էլ մարդիկ հետաքրքրված կլինեն տեսնելու, թե ինչպե՞ս են ապրում իրենց հարևանները։ Իսկ ծրագրից ամենամեծ ակնկալիքը նախևառաջ սկսնակ լուսանկարիչների հետ այդ ասպարեզում հմտություններով կիսվելն էր և նրանց մասնագիտական աճին նպաստելը։ Ուստի և քննարկման թեմաներից մեկը հետաքրքիր ֆոտոպատմություններ կերտելն էր։ Եվ հաշվի առնելով, որ մասնակիցները Հայաստանից ու Թուրքիայից են, ընտրեցին այնպիսի պատմություններ, որոնք ցույց են տալիս հարևան երկրների ընդհանրությունները.

-Շատ ջանք թափելու կարիք չկա նման պատմություններ կերտելու համար, քանի որ հարևանների նմանությունները անզեն աչքով էլ տեսանելի են։ Սակայն, քանի որ քչերն են նախընտրում այցելել հարևան երկիրը, ուստի և լուսանկարիչներն իրենք են պատմությունները բերում միմյանց երկրներ,- պարզաբանում է Սոֆյա Մանուկյանը։

Նրա խոսքերով՝ Թուրքիայից եկած մասնակիցների մեծ մասն առաջին անգամն էին Հայաստանում, և, ինչպես իրենք էին կիսվում, սկզբնական շրջանում բոլորն էլ որոշակի մտավախություններ ունեին Հայաստանում իրենց սպասվելիքի վերաբերյալ։ Սակայն դա շատ երկար երկար չտևեց՝ շնորհիվ թե՛ Հայաստանի մասնակիցների ընկերական վերաբերմունքի, թե՛ դիլիջանցիների հյուրընկալության (ծրագրի առաջին փուլն անցկացվել է դիլիջանում), թե՛ ապրելակերպի նմանության շնորհիվ.

-Թուրքիայի մասնակիցները, թեև Թուրքիայում տիրող ներկա իրավիճակից բավականին մտահոգ են, այնուամենայնիվ, դրական տեղաշարժ կերտելու ցանկություն ունեն, և, հետևաբար, շատ անելիքներ կան առջևում,-  վստահեցնում է Սոֆյա Մանուկյանը։

Ծրագիրն արդեն կամրջել է 18-24 տարեկան 24 մասնակիցներին, որոնք հավատում են իրենց արած աշխատանքներին ու հասցրել են շփման եզրեր գտնել։ “BridgingStories”-ի մասնակիցներից Գրիգոր Պողոսյանը հավատում է, որ ծրագրի շնորհիվ դրական տեղաշարժ կնկատվի երկու ազգերի փոխհարաբերություններում։ Ըստ նրա՝ ազգերը չեն կարող թշնամի լինել, թշնամի կարող են լինել պետությունները, ավելի ճիշտ՝ վերջիններիս իշխանությունները։ Հայաստանն ու Թուրքիան թշնամի են այնքան ժամանակ, որքան որ դա պետք է ինչ-որ տարբեր տեղեր նստած տարբեր մարդկանց։ Իսկ ինչ վերաբերում է հասրակության արձագանքին, նա ոչ մի քննադատություն չի լսել, ու իր կարծիքով՝ համատեղ արված աշխատանքը բավականին լավ է ընդունվել՝ շնորհիվ իր շրջապատում նացիոնալիստների բացակայության։

Գրիգոր Պողոսյանի հավաստմամբ՝ սա իր առաջին փորձը չէր Թուրքիայի քաղաքացիների, այդ թվում նաև ֆոտոլրագրողների հետ շփվելու.

-Մեր մեջ սովորական մարդկային հարաբերություններ են, որտեղ ազգությունը ոչ մի նշանակություն չունի։ Հավատում եմ, որ դրական տեղաշարժ կլինի, քանի որ չեմ պատկերացնում, որ մարդն անի մի բան, այն էլ արվեստի բնագավառում, ու չհավատա իր արածին,- վստահեցնում է լուսանկարիչը։

Հասարակության կողմից դրական արձագանքը փաստում ու ծրագրի արդյունավետությանը հավատում են բոլոր 24 մասնակիցները։ Այս մասին է հավաստում նաև ծրագրի մասնակիցներից Ազնիվ Թադևոսյանը։ Նրա համոզմամբ՝ իրենք կենդանի ապացույցն են այն բանի, որ երկու ազգերի միջև հնարավոր է բարեկամություն ձևավորել։ Նա հույս ունի, որ իրենց աշխատանքներով կհաջողվի ցույց տալ, որ իրականում բոլորն էլ մարդիկ են և շատ ընդհանրություններ ունեն։

-Մենք այնքան հեշտությամբ ենք շփվում։ Նույն այն «ջան»-ը, որ հայերս ենք օգտագործում, նաև մեր թուրք ընկերներն էին գործածում։ «Ջան» ասում էինք, «ջան» լսում,- անկեղծանում է ծրագրի մասնակիցներից Ազնիվ Թադևոսյանը։

-Նրա խոսքերով՝ նույնիսկ լեզվի բարիերիաները չէին խանգարում շփվելուն. նրանք միմյանց ազգերի երգերն էին իրար սովորեցնում, լսում, երգում՝ միաժամանակ քննարկելով անգամ ազգերի միջև գոյություն ունեցող խնդիրները՝ առանց անհարմար դրության մեջ ընկնելու։

-Երբ Թուրքիայի մասնակիցները երկրորդ անգամ եկան Հայաստան, մենք սրտատրոփ նրանց գալուն էինք սպասում, այսինքն՝ երկու կողմերն էլ նույնքան ոգևորված էին. «Կամրջելով պատմությունները» ծրագրիը ահռելի ազդեցություն ունեցավ բոլոր մասնակիցներիս թե՛ լուսանկարչական հնարավորությունների, թե՛ մտածելակերպի վրա,- խոստովանում է Ազնիվ Թադևոսյանը։

 

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել