Պատերազմական իրավիճակներում թիկունքը նույնքան կարևոր է, որքան սահմանը: Այսօրվա թիկունքի մարտիկներից շատերը վաղը դառնալու են սահմանապահներ ու սահմանի մարտիկներ:
Թիկունքում՝ Արմավիրի մարզի Աղավնատան դպրոցում, օրինակ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Պետրոսյանն ամեն օր իր պարտքն է կատարում: Նրա հետ ենք զրուցել։
-Ինչպիսի՞ն է դպրոցական կյանքը պատերազմի օրերին։
-Առաջին հայացքից թվում է, թե ոչինչ չի փոխվել, որովհետև դասերն ընթանում են բնականոն հունով, սակայն, բնականաբար, բոլորս այլ հոգեվիճակում ենք: Դժվար է լսել և կարդալ սահմանից եկող տեղեկությունները, ապա մտնել դասարան և սկսել դասապրոցեսը սովորականի պես:
-Ի՞նչ դժվարությունների է բախվում դպրոցը պատերազմական իրավիճակում։
-Սկզբում մի փոքր խուճապ կար հատկապես միջին դպրոցի աշակերտների շրջանում: Բացի այդ, դասարաններում կան երեխաներ, որոնց հարազատները սահմանին են, և հատկապես նրանց նկատմամբ պետք է ուշադիր լինեն ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտները: Ուստի նախ պետք է բարձր պահել աշակերտների հայրենասիրական ոգին ու տրամադրությունը:
-Հաճախումները կանոնավո՞ր են:
-Աշակերտները կանոնավոր հաճախում են դասերին: Առաջին երկու օրերին որոշակի պասիվություն էր նկատվում ուսման գործընթացում: Հենց այստեղ է, որ կարևորվում է ուսուցչի դերը, քանի որ այսօր ավելի, քան երբևէ, առաջին պլան է մղվում աշակերտների ուսման առաջադիմությունը: Յուրաքանչյուր աշակերտ զինվոր է թիկունքում, և նա է կերտելու վաղվա հզոր հայրենիքը: Եվ հենց այս ոգով և գաղափարախոսությամբ է իրականացվում կրթության գործընթացը դպրոցում:
-Դպրոցում կա՞ն ուսուցիչներ, որոնք սահմանին կանգնած հարազատներ ունեն:
-Ունենք հերոս մայրեր, որոնք, հոգու տագնապն անտեսելով, դասարան են մտնում ժպիտով՝ կատարելով մանկավարժի իրենց դժվարին գործը և, իհարկե, երեխաներին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու:
-Շատ դպրոցներ իրենց օգնությունն են տրամադրել հայոց բանակին։ Ձեր դպրոցը նախաձեռնե՞լ է օժանդակության որևէ միջոցառում:
-Մեկ օրում աշակերտների, ծնողների և ուսուցիչների մասնակցությամբ առաջնագիծ ուղարկվեցին առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք, սնունդ:
-Իսկ ինչպիսի՞ն է աշակերտների տրամադրվածությունը:
-Աշակերտները նույնպես մարտական են տրամադրված։ Հավատում են հայ զինվորի ուժին և համոզված են, որ հաղթելու ենք:
Աստղիկ Գևորգյան
2-րդ կուրս