Ժենիան երիտասարդ մոդելավորող է ով ստեղծում է ոչ միայն մոդեռն հագուստներ ու աքսեսուարներ,այլև փորձում է նոր շունչ հաղորդել հին հայկական հագուստին`հիմքում դնելով հայկական ճարտարապետության նմուշները:
–Ձեր նոր հավաքածուի անվանումը «Զվարթնոց» է, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Հպարտանալով հայ ժողովրդի պատմական անցյալով, երբեմն զարմանում ես, որ այդ հպարտության մեջ չկա պատմական գիտելիքով ամրապնդված հիմք: Մենք սիրում ենք մեր արվեստը, սակայն ամբողջ ուսումնառությանս ընթացքում հետաքրքրել է, թե ինչու հայ երիտասարդները չգիտեն ժամանակի մեջ դարեր ապրած Զվարթնոց տաճարի մասին: Հասակակիցներիցս շատերը, լսելով Զվարթնոց անունը, կարծում են, թե խոսքը օդանավակայանի մասին է: Նույնիսկ չեն պատկերացնում, որ «Զվարթնոց» օդանավակայանի գեղատես շենքը կառուցվել է 7-րդ դարի հոյակերտ, կատարելություն ներկայացնող Զվարթնոց տաճարի նմուշով: Զվարթնոցը հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, հայ ագզի պարծանք հանդիսացող հոյակերտ և վեհաշուք սբ. Գրիգոր տաճարը: Հայկական ճարտարապետության ոսկե դարի կատարյալ ստեղծագործություն է, որի մասունքները դարեր շարունակ մնալով հողակույտի տակ, չեն կորցրել իրենց չքնաղությունը և արժանի վեհաշուք պատկերը: Միգուցե, ոմանք ինձ կփնովեն, «ափի միջից» վեր խոյացող իմ այս ընտրությունը ` «Զվարթնոց» թեման հագուստի մեջ կիրառելու համար: Ես ցանկանում եմ ներկայացնել մեր ազգայինը ոչ թե ընդօրինակելով հայկական տարազը, այլ ճարտարել այնպիսի հագուստ, որը կլինի հայ ճարտարապետությանը վայել և աշխարհի քննությանն արժանի:
–Ո՞րն է հավաքածուի ելակետային մոդելը:
–Յուրաքանչյուր ստեղծագործության հիմք ճիշտ ընտրված ոգեշնչումն է: Այս 4 տարիների ընթացքում Գեղարվեստի Ակադեմիայում կատարած աշխատանքների շնորհիվ ձեռք բերեցի այնպիսի համոզմունք, որ ճարտարապետությունը համարժեք արվեստ է երաժշտությանը, գեղարվեստին, պոեզիային… Ինֆորմացիայի մերօրյա անսահման միջոցներից օգտվելով` ամենքն էլ հնարավորություն ունեն ծանոթանալու և շփվելու աշխարհի ու ժողովրդների պատմությանը, սկսած քարե դարից մինչև երեկվա օրը: Շատ դեգերումներից հետո, որպեսզի չընդօրինակեմ կամ աշխատանքներիս մեջ չկրկնվեմ, ցանկացա անդրադառնալ մեր մշակույթի հարուստ ճարտարապետությանը: Որպես ոգեշնչման աղբյուր իրենց կատարելությամբ մեր դարավոր արվեստի նմուշները մտքի թռիչք են խթանում` ներկայացնել դրանք ժամանակակից արտահայտչամիջոցներով: Ես, որպես հայ քրիստոնյա, մեծ զգուշությամբ և անչափ սիրով որոշեցի ավարտական աշխատանքի թեմա ընտրել 7-րդ դարի կառույց` շքեղագեղ, վեհաշուք և փառահեղ Զվարթնոց տաճարը:
–Հայկական մոտիվներով այլ հավաքածուներ սպասվո՞ւմ են հետագայում:
-Անցյալում ստեղծել եմ հավաքածուներ հայկական մոտիվներով`«Զարդանախշ», «Խաչանախշ», «Մհեր Աբեղյան», «Մանրանկարչություն», որոնք դեռ էսքիզներ են: Հնարավոր է հետագայում մարմնավորվեն և վերածվեն ցուցադրության:
–Վերջին ժամանակներս մեր օրիորդները փորձում են գործածել հայկական ավանդական հագուստից տարրեր առօրյայում, արդյո՞ք ստացվում է դա, կամ ինչպե՞ս է պետք դրանք ճիշտ օգտագործել:
–Ժանյակը, վզնոցները, պայուսակները, փոքր աքսեսուարները ընդունելի են ցանկացաց ոճի հագուստի մեջ, բայց օրինակ հայկական տարազի գոգնոցը կամ կոպին օգտագործելը տրամաբանական չէ: Առօրյա հագուստում տարազի տարերրը պետք է օգտագործել փոքր չափաբաժնով, որպեսզի աչքին հաճելի երևա:
–Բացի հագուստի մոդելավորումից ինչո՞վ եք զբաղվում:
-Այն ամենը ինչը կապված է արվեստի և արհեստի հետ` հոգեհարազատ է: Ձգտում եմ ստեղծել արվեստի աշխատանքներ ցանկացած տեսակի նյութերից:
-Ինչպիսի՞ն եք դու արհեստից ու արվեստից դուրս, Ձեզ երբևէ պատկերացրե՞լ եք այլ բնագավռում:
-Ես երկար ժամանակ պարել եմ, միգուցե եթե արվեստը չլիներ, պարուհի կարող էի դառնալ: Սիրում եմ սպորտը և սովորել եմ սքեյթ վարել, իսկ բաղձալի բնագավառը բժշկությունն է: Միգուցե դա էլ լիներ երկրորդ մասնագիտությունս:
–Պատրաստվո՞ւմ եք հագուատներ վաճառել հավաքածուից
-Պայուսակների հավաքածուից հաճույքով: ( ծիծաղում է)
–Օրինակ պայուսակներ, հայկական զարդանախշերով վզնոցներ պատրաստելու համար հարկավոր է լավ ծանոթ լինել ազգայինին, դուք այդ մասին կարդում եք, ուսումնասիրում նոր միայն ստեղծո՞ւմ:
-Եթե խոսքը հայկականի մասին է գնում, ապա համաշխարհային արվեստի պատմությունից մինչև ուսումնասիրել եմ հայկական տարազի պատմություն: Նախ ամենը տպավորում է, ընկալվում, նոր վերարտադրվում հագուստի կամ աքսեսուարի միջոցով:
Աիդա Գևորգյան
4-րդ կուրս