ԱՊՐԻԼԻ 25-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԸ

ԱՊՐԻԼԻ 25-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԸ

1836

Վերջերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց 2016թ. Հոտեմբերի 1-ից ԹԻՀԿ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀՀ հանրային գնումների համակարգի շարունակական մոնիտորինգի միջանկյալ արդյունքները` անդրադառնալով նաև ՀՀ «Գնումների մասին» նոր օրենքին, որն ընդունվել է 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ կմտնի այս տարվա ապրիլի 25-ից:

Մոնիտորինգային ծրագրի այս փուլը, որն ավարտվելու է օգոստոսին, յուրահատուկ է այն տեսանկյունից, որ առաջին անգամ փոխվում է մոնիտորինգի մասին օրենքը: Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում` խթանելով հանրային ֆինանսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: Պետական գնումների մոնիթորինգի թեմաներն են բողոքարկման համակարգը, մեկ անձից գնումները, շրջանակային համաձայնագրերը և զինվորականության համար գնումները:

Վարուժան Հոկտանյանի խոսքով` գնումների նոր օրենքն ավելի թափանցիկ կարող է դարձնել հանրային գնումների համակարգը` ընդլայնելով այն տվյալների բազմությունը, որոնք պարտադիր կերպով պետք է հրապարակվեն գնումների պաշտոնական կայքէջում: Մյուս կարևոր փոփոխությունը գնումների ընթացակարգերի թվի կրճատումն է` նախկին 7-ի փոխարեն նոր օրենքով սահմանված է 4 ընթացակարգ, որը միտված է պարզեցնելու ընթացակարգի ընտրությունը գնման գործընթացին մասնակցել ցանկացող տնտեսվարող սուբյեկտի համար:

Նոր օրենքով մտցվում է նաև իրական սեփականատերերի ինստիտուտը, որը նույնպես կարելի է համարել դրական: Նախատեսվում է մտցնել բողոքարկման նոր համակարգ, որը, ենթադրվում է, որ կլինի ավելի անկախ, քան ներկայիս համակարգն է: Այն նաև լինելու է մշտական գործող և մասնագիտացված, ի տարբերություն ներկա համակարգի, երբ բողոքարկման խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում էին հասարակական հիմունքներով` առանց վարձատրության:

Ծրագրի ղեկավարը անդրադարձավ մոնիտորինգային հիմնական թիրախին` այլընտրանքային առկայության պարագայում ոչ մրցակցային ընթացակարգով իրականացված գնումների պայմանագրերին, որոնք ըստ մեթոդաբանության կազմում են մեկ անձից իրականացված գնումների 17.7 տոկոսը: Ոչ օբյեկտիվ` այսինքն ոչ մրցակցային հիմքով կնքված պայմանագրերի թիվը հասնում է 3119-ի:

Քանակային առումով ամենից հաճախ մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք են բերվել ավիատոմսեր:

Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց նաև բողոքարկման համակարգի մոնիտորինգը: Ըստ gnumner.am կայքի հրապարակած բողոքների մասին հայտարարաությունների` 2016թ. Ստացվել է 133 բողոք, որոնց գրեթե կեսը մերժվել է, ստացված 133 բողոքից բավարարվել է 42-ը, իսկ 7 բողոքի հետ կապված ոչ մի որոշում հրապարակված չէ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ընդհանուր բողոքների թիվը անցած տարիների համեմատ կտրուկ աճել է` 59 տոկոսով:

 

Լիանա Կարապետյան

4-րդ կուրս

Կիսվել