ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ Է CLOUDFLARE ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆՈՐ ՇՏԵՄԱՐԱՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ Է CLOUDFLARE ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆՈՐ ՇՏԵՄԱՐԱՆԸ

1671

Օրեր առաջ Cloudflare ընկերության կայքում գրառում է կատարվել այն մասին, որ ընկերության նախաձեռնությամբ տվյալների նոր շտեմարան է տեղակայվել Երևանում, և այդ գործընթացը կլինի շարունակական 5 մայրցամաքների համար: Երևանի շտեմարանը Ասիայում 37-րդն է, իսկ աշխարհի կտրվածքով` 103-րդը:

Ucom-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղակայված Cloudflare-ի տվյալների նոր շտեմարանը թույլ կտա համացանցի ավելի քան 6 մլն աղբյուր դարձնել ավելի արագ և ապահով:

Այսօր լրագրողների հետ զրույցում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ Cloudflare-ի նոր շտեմարանի շնորհիվ Հայաստանում Ucom-ի ծառայություններից օգտվող ինտերնետ օգտատերերի համար սպասելու ժամանակը նվազել է 6 անգամ:

«Cloudflare-ի հետ համագործակցությունը ստացվեց, քանի որ մենք Հայաստանում տվյալների տարանցման ամենամեծ ծառայություն մատուցող ընկերությունն ենք: Մեր բաժանորդներին Cloudflare-ը տալիս է ավելի արագ մուտք և ավելի պաշտպանված ինտերնետից օգտվելու հնարավորություն: Կարծում եմ` սա հնարավորություն է նաև հարևան երկրների համար, որոնք օգտվում են մեր համակցված ցանցից: Հայաստանը երկրորդն է հետխորհրդային երկրների շարքում, որ երկարատև բանակցություններից հետո կարողացել է հասնել հաջողության և ներդնել այս տվյալների շտեմարանը: Մինչ այդ նմանատիպ շտեմարան հետխորհրդային տիրույթում առկա էր միայն Մոսկվայում»,- ասել է Հայկ Եսայանը:

«Մեր տարածաշրջանում Cloudflare-ի այլ քեշ գոյություն չունի, և սա հույս է ներշնչում, որ տարածաշրջանի մյուս երկրներում մեր տարանցիկ ծառայություններից օգտվողները կարող են միանալ Cloudflare-ի մեր քեշին և օգտվել առկա ծառայություններից: Այսպիսով, օգտատերերը ստանում են կապի բարելավում, կայքերի տերերը ստանում են անվտանգություն և կայքի արագ աշխատանք»,- ամփոփել է Ռուբեն Մուրադյանը:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել