Երևանից Արագածոտն. Մելիքգյուղի լեռնագնաց ուսուցչուհին

Երևանից Արագածոտն. Մելիքգյուղի լեռնագնաց ուսուցչուհին

1690

2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ: 2013-ին ստեղծված հիմնադրամի նպատակը Հայաստանի բոլոր երեխաների համար կրթության հասանելիություն ապահովելն է: Այդ նպատակի իրականացման համար հիմնադրամը հավաքագրում և վերապատրաստում է բուհերի շրջանավարտների, որոնք երկու տարի դասավանդում են Հայաստանի մարզերի  դպրոցներում:

Իմ զրուցակիցն այսօր «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի առաջնորդ – ուսուցիչ Ռիմա Սուքիասյանն է, որը կենսաբանության ուսուցչուհի է Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում։

«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի նպատակը՝ Ձեր մեկնաբանությամբ։

– Քանի որ բնակչությունը կենտրոնացված է քաղաքում՝ Երևանում, հիմնադրամի նպատակն է ապահովել հավասար կրթություն բոլորի համար, կրթության որակը լավացնել գյուղական համայնքներում՝ դասերն անցկացնելով տարբեր մեթոդներով՝ ոչ ավանդական ու միապաղաղ։

– Շատ լավ, իսկ ի՞նչ տարբերվող մոտեցում եք օգտագործում դասերը կազմակերպելիս։

-Ապահովում ենք բոլոր աշակերտների ներգրավվածությունը՝ խաղերով, քարտերով, մտագրոհով։ Աշակերտները պասիվ դիտորդից դառնում են ակտիվ մասնակիցներ։

-Մի փոքր Ձեր մասին։ Մինչև ԴՀ-ի անդամ դառնալը մտածե՞լ եք ուսուցիչ դառնալ։

-Մինչև ԴՀ-ի անդամ դառնալն աշխատել եմ գյուղատնտեսության ոլորտում։ Երբեք չեմ մտածել ուսուցիչ դառնալ, նույնիսկ բացառել եմ։ Հիմա շատ ուրախ եմ, որ 2 տարով դարձել եմ ծրագրի մասնակից։

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ուսուցչի մասնագիտության մասին չմտածող աղջիկը միացավ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի թիմին ու հայտնվեց Երևանից այդքան հեռու։

-Իմանալով ծրագրի որդեգրած  նպատակների մասին՝ որոշում կայացրի փորձել ու  մի փոքր ներդրում ունենալ այս գործում՝ ուժերիս ներածին չափով։

-Իսկ Երևանից հեռանալը հե՞շտ էր։ Չէ՞ որ կա քարացած կարծիք, որ գյուղերում, հատկապես Երևանից հեռու գյուղերում կյանքն անհետաքրքիր է, զբաղմունք չկա։

-Հեռանալը հեշտ չէր, հատկապես ընկերներից այսքան հետու, բայց երբ շփվեցի տեղացիների հետ, ծանոթացա աշակերտների հետ, ամեն ինչ  փոխվեց։ Իսկ հետաքրքրություն ինքներս պետք է ստեղծենք մեզ համար։

-Տեղափոխվեցիք, հարմարվեցիք հեռավորությանը։ Մնում էր ամենակարևորը՝ երեխաների հետ աշխատանքը։ Մտավախություն կա՞ր, որ չի ստացվի կամ առնվազն բարդ կլինի։

-Մտավախություն կար միանշանակ։ Երբ աշակերտ էի, ինքս ինձ համար ստեղծում էի  կատարյալ ուսուցչի կերպար։ Ինքս հնարավորին չափ անկեղծ գտնվեցի աշակերտների հետ, ու ստացվեց մեր աշխատանքը։ Հիմա միասին սովորում ենք սովորել։

-Ընդհանուր նախասիրություններ  արդեն կա՞ն աշակերտների հետ։

-Ընդանուր նախասիրություններից են արշավելը, երաժշտություն լսելը, երգելը, նվագելը։

-Ձեր սոցցանցային էջն ուսումնասիրելիս ևս երևում է, որ սիրում եք լեռնագնացություն, արշավների սիրահար եք։ Նվաճած գագաթների մեջ կա՞ յուրահատուկը։

-Շատ եմ սիրում արշավել, բացահայտել իմ շատ սիրելի հայրենիքը։ Սիրված լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է՝  Աժդահակը՝ 3597մ., ամենայուրահատուկը՝ Արագածի ամենաբարձր գագաթը՝ հյուսիսայինը՝ 4090մ.։

-Իսկ ապագայի ծրագրերում նոր գագաթներ կա՞ն։

-Ապագայի ծրագրերում է Արարատ լեռը, որը նախատեսում եմ 2021թ.-ին բարձրանալ։ Սա նպատակ դարձած երազանքներից մեկն է։

-Ուրեմն մաղթեմ նոր գագաթներ, և անցնենք վերջին հարցին՝ վերադառնալով ԴՀ-ին։ Ծրագիրը նաև նախատեսում է գյուղերի զարգացման աշխատանքներ։ Արդեն գաղափարներ կա՞ն Մելիքգյուղի վերաբերյալ։

-Միանշանակ։ Նախնական զրույցներում համայնքի բնակիչների հետ քննարկել ենք մի քանի գաղափարներ։ Կընտրենք  զարգացում ունեցող ծրագիր, որում ներդրում կունենան նաև աշակերտները։

Օֆելյա Արսենյան

2-րդ կուրս

Կիսվել