«Մենք ուժ ենք տալիս մեր զինվորին, երբ նրա կերպարն օժտում ենք հզորի...

«Մենք ուժ ենք տալիս մեր զինվորին, երբ նրա կերպարն օժտում ենք հզորի և հաղթողի որակներով»

1110

Երկրում տիրող պատերազմական իրավիճակը կարող է առաջացնել մի շարք հոգեբանական խնդիրներ: Նման իրավիճակում բացի նյութական օգնությունից շատ կարևոր է նաև հոգեբանական աջակցությունը:

Զրուցելով հոգեբան Նաիրա Խառատյանի հետ՝ կարողացանք պարզել, թե ինչպիսի խնդիրների կարող ենք բախվել նման իրավիճակում, և ինչպես կարելի է դուրս գալ նման իրավիճակից:

«Պատերազմական իրավիճակն ինքնին արդեն իսկ բոլորի համար տրավմատիկ հոգեհուզական բաց դաշտ է, որից անհնար է դուրս գտնվել, երբ ապրում ես տվյալ աշխարհագրական գոտում: Սթրեսին դիմակայելու շեմը տարբեր մարդկանց մոտ շատ տարբեր դրսևորումներով է արտահայտվում: Այն կախված է մարդու խառնվածքից, բնավորությունից, հոգեկերտվածքից: Ոմանք, բախվելով պատերազմական իրավիճակին, բարձր ձայնով խոսում, բուռն արտահայտում են ապրված և զգացած սուր իրավիճակները: Ոմանք էլ լուռ ներս են գցում ցավոտ հոգեվիճակները, որից շատ արագ տրավմայի է ենթարկվում նրանց նյարդային համակարգը: Բնականաբար շահում են նրանք, ովքեր կարողանում են կիսվել, պատմել և արտահայտվել` լսելով դիմացինի զգացածն ու կարծիքն այդ մասին»:

Ավելի դժվար է այն մարդկանց համար, ովքեր հարազատ են ունենում ռազմաճակատում, և չտրվել զգացմունքներին ուղղակի անհնար է: Հոգեբանը հորդորում է պահպանել սառը գիտակցությունը, ինչքան էլ որ դժվար լինի:

«Մենք թիկունքում մտահոգվում և անհանգստանում ենք նրանց ապահովության և առողջության համար: Պարզապես, պետք է փորձել պահպանել սառը գիտակցությունը:  Մեր խոր հուզականությամբ որևէ կերպ չենք կարող նրանց սատարել. հակառակը` մեզ ենթարկում ենք տևական սթրեսի՝ հետևելով մշտական տագնապի աղբյուր հանդիսացող հրատապ լուրերին, և դրանք տեղայնացնելով մեր երևակայության մեջ»,- նշում է հոգեբանը:

Ռազմական դրության պայմաններում հոգեբանորեն խոցելի խումբ են համարվում երեխաները, և թե ինչպես նրանց զերծ պահել հոգեբանական լուրջ տրավմաներ ստանալու վտանգից, հոգեբան Նաիրա Խառատյանը խորհուրդ է տալիս հաճախակի զրուցել երեխաների հետ:

«Շատ կարևոր է մեր հուզականության արտահայտման ձևը և մշակույթը երեխայի ներկայությամբ: Երբ մենք կարող ենք արտահայտվել դրական, առանց խուճապի, հույսով լեցուն, ապա երեխան, զգալով ապահովության մթնոլորտը, որպես կանոն սթրես չի ապրում: Եվ հակառակը. մեր ավելորդ հուզմունքը, լացը, ապրումներն անկարող են հեռու մնալ երեխայի աչքից: Նրանց հետ անկեղծ խոսելով՝ կարելի է բացատրել և ասել, որ մեծերի կողմից ամեն ինչ արվում է իրավիճակի կարգավորման համար»:

Շատ կարևոր է լավ տրամադրվածությունը, ուժեղ և համբերատար լինելը, քանի որ այդ կերպ է թիկունքը ամուր լինում:

«Անտեսանելի ֆլյուիդներով (օդի քվանտային մասնիկներ, որոնցով հաղորդվում են զգացողությունները) մենք ուժ ենք տալիս մեր զինվորին, երբ նրա կերպարն օժտում ենք հզորի և հաղթողի որակներով՝ պահպանելով դրական տրամադրվածությունը»:

Ռոզա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել