«Տղաները Վաչեի հուղարկավորության օրը հետ են վերցրել հենակետերը»

«Տղաները Վաչեի հուղարկավորության օրը հետ են վերցրել հենակետերը»

1737

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված հայադրբեջական պատերազմի ընթացքում զոհված սպա Վաչե Արարատի Պետրոսյանի երազանքն էր դառնալ հայկական բանակի գեներալ։ Զինծառայողը հերոսաբար մարտնչել է թշնամու դեմ և զոհվել։ Կուրսընկերներից մեկը՝ Աղվան Պապյանը, ժպիտով է հիշում Վաչեի հետ անցկացրած համալսարանական տարիները։

Ինչպե՞ս ծանոթացաք իրար հետ։

-Վաչեի հետ ծանոթացել ենք պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժին ընդունվելիս։ Մեր մտերմությունը սկսվեց հենց առաջին րոպեից, երբ իմացանք, որ երկուսս էլ սիսիանցի ենք։ Մենք մտերիմ ընկերներ էինք, և ինչպես ինձ, այնպես էլ նրան կոչել էին Արցախյան պատերազմում զոհված մարտիկի անունով։ Վաչեն ժպտերես, կատակասեր երիտասարդ էր։ Նրա հետ անցկացրած տարիներն անհնար է առանց ժպիտի հիշել։ Մի անգամ որոշեցինք Վաչեի կյանքն ուտել ու  բացեցինք կեղծ ֆեյսբուքյան էջ՝ աղջկա անունով, ու սկսեցինք գրել նրան։ Վաչեն  սկզբում արագ-արագ պատասխանում էր, իսկ հետո, հասկանալով, որ ինչ-որ մեկը հոգու հետ է խաղում, որոշեց գտնել, սակայն սկզբում չէր կարողանում։ Հետո գտավ մեզ, հասկացավ, որ ես և Կարենն ենք գրում իրեն։ Սկզբում բարկացավ, իսկ հետո բարձր ձայնով ծիծաղեց․․․

ԵՊՀ-ն ավարտելուց  հետո Վաչեն նաև Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորեց։ Ինչպե՞ս նման որոշում կայացրեց։

-Երբ մենք ավարտեցինք բակալավրիատը, Վաչեն անսպասելիորեն որոշեց մեկ տարի սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և հետագայում որպես սպա ծառայել ՀՀ զինված ուժերում։ Վաչեն համալսարանում սովորում էր անվճար և ցանկության դեպքում կարող էր շարունակել սովորել նույն բաժնում։ Ռազմական համալսարանում ևս սովորում էր գերազանց և դրա շնորհիվ ընտրեց, թե որտեղ շարունակի իր ծառայությունը։ Նա ընտրեց Կապան քաղաքը և մեկնեց զինծառայության։ Շատ լավ էր ծառայում, նվիրված սպա էր, տիրապետում էր իրեն պատկանող զինատեսակներին և հարգանք էր վայելում սպաների ու ժամկետային զինծառայողների շրջանում։

Շատ ցավալի է, երբ մտերիմ ընկեր ես կորցնում: Ինչպե՞ս իմացաք հարազատ ընկերոջ կորստի լուրը։

-Աշխատանքի էի, երբ կուրսեցիներից մեկը հաղորդագրություն ուղարկեց՝ հարցնելով՝ արդյոք տեղյա՞կ եմ Վաչեի՝ վիրավոր լինելու մասին։ Ես տեղյակ չէի և զանգահարեցի մեր ընդհանուր ընկերներից մեկին՝ ճշտելու։ Նա ասաց, որ ամեն բան լավ է, սակայն ես չհավատացի ու խնդրեցի ևս մեկ անգամ զանգել Վաչեի հարազատներին ու ճշտել։ Հետո պարզվեց, որ նա զոհվել է։ Սկզբում չէի հավատում, բայց երբ լսեցի, թե ինչ հերոսությամբ է անմահացել ընկերս, հպարտացա, որ նրան ճանաչել եմ։ Վաչեն ու իր մարտիկներն ապահովել  են հայկական հենակետերի անվտանգությունը։ Հակառակորդը քայլեր է կատարել նրանց զինատեսակը լռեցնելու ուղղությամբ, և,  ցավոք, հաջողվել է։ Վաչեի զոհվելուց հետո հակառակորդը կարողացել է գրավել երկու հայկական հենակետ, սակայն  տղաները  Վաչեի  հուղարկավորության  օրը հետ են վերցրել այդ հենակետերը։

-Գեներալ դառնալու երազանքից բացի ուրիշ երազանքների մասին պատմե՞լ է Ձեզ։

-Վաչեն, երբ գնաց բանակ, խոստացավ, որ գեներալ է դառնալու։ Դա էր նրա երազանքը, որին նա այդպես էլ չհասավ։ Բայց նա դարձավ մեր օրերի հերոսը, որին դեռ կհիշեն որպես նվիրյալ զինվորականի և հայրենասերի։


Էլեն Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել