ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

1764

Հուշարձանները երկրի և ժողովրդի մշակութային ժառանգության կարևոր մաս են կազմում: Այլ կերպ ասած՝ հուշարձանը մարդկանց  հիշատակը և իրադարձությունները հավերժացնող արվեստի ստեղծագործություն է:

ՀՀ Մշակույթի նախարարությանն առընթեր «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» հաղորդած տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր կա 24 հազար 500 մշակութային հուշարձան, որից 18 հազարը պետության (կառավարություն, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի) տնօրինության տակ է գտնվում, իսկ մնացածն ունեն սեփականատերեր: Հուշարձանների 40 տոկոսը հանրապետական, 60 տոկոսը տեղական նշանակության են:

Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր ստեղծել են Երևանը գեղեցկացնող արժեքավոր գործեր:

Քաղաքում շրջելիս հանդիպում ենք նշված և այլ ճանաչավոր քանդակագործների մի շարք ստեղծագործությունների՝ ականավոր անձանց հուշարձաններ (Մաշտոց, Խաչատուր Աբովյան, Հովհաննես Թումանյան, Ալեքսանդի Սպենդիարյան, Սասունցի Դավիթ, Վարդան Մամիկոնյան և այլ անձիք), հանդիպում են նաև կիսանդրիներ, հայոց արքաների արձաններ, գրականության, կինոյի հերոսներ (Պեպո, Տղամարդիկ, Անուշ և Սարո) և այլ թեմատիկ արձաններ (Կարաբալա, Հռոմեացի զինվոր):

Որքան էլ խոսենք և նշենք, որ հուշարձանները ազգային արժեք են ներկայացնում և կարևոր մշակութային արժեք ունեն, բայց և այնպես, ցավոք, մեր հասարակության մեջ մի զանգված կա, որն անգիտակցաբար ոչնչացնում է մշակութային կոթողը` չմտածելով, որ պատմության մի մասնիկն է ջնջնում:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հայաստանի պատմամշակութային հուշարձանների զգալի մասը պահպանման և բարեկարգման խնդիրներ ունեն այսօր»:

Ինքներս էլ կարող ենք փաստել, որ հուշարձանների պահպանման խնդիրը իսկապես արդիական է: Հաճախ «ավերիչ ձեռքը» գեղարվեստական կամ պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներին է հասնում, և վանդալիզմի «կործանարար ուժը» կրկնապատկվում է:

Նման շատ օրինակների ենք ականատես եղել, երբ բրոնզաձույլ կամ այլ մետաղներից պատրաստված արձանների գողություն է կատարվել:  Եղել են նաև դեպքեր, երբ արժեքավոր կոթողների վրա «նկարչություն» են արել, կոտրել կամ վնասել են ինչ-որ կերպ: Նման անօրենությունները անպատիժ թողնելու հետևանքը կարող է լինել նոր անօրենությունների ծնունդը:

Խնդրի լուծման ճանապարհներից մեկը, ըստ Ճարտարապետների միության նախագահի, առանձին մի կառույցի ստեղծումն է, որտեղ ընդգրկված կլինեն միայն ճարտարապետներ, շինարարներ, ռեստավրատորներ, ովքեր կզբաղվեն հուշարձանների պահպանման և բարեկարգման խնդրով:

«Խնդիրն այսքան մեծ մասշտաբների է հասել ոչ թե այն պատճառով, որ հուշարձանները անուշադրության են մատնված, այլ շատ են ու հնարավոր չէ բոլորն ապահովել»,- նշեց պարոն Մինասյանը:

Չնայած այս ամենին հուշարձանները մնում են քաղաքին նոր շունչ ու կենդանություն հաղորդող կոթողներ, և մեր երկիրը շարունակում է գեղեցկանալ նոր արձաններով: Դրան նպաստում են պարբերաբար կազմակերպվող նոր ծրագրերը:

Նախորդ տարի հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մի շարք հուշարձաններ կանգնացվեցին ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ դրանից դուրս՝ աշխարհի որոշ երկրներում:

Վերջերս, Երևանի Ավան վարչական շրջանում հանդիսավորությամբ բացվեց Խորհրդային Միության մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը:  Այնուհետև Հայաստանի առաջին հանրապետության օրը, հանրապետության հրապարակին հարակից տարածքում կանգնեցվեց  զորահրամանատար և մեծ մտածող Գարեգին Նժդեհի վիթխարի բրոնզաձույլ արձանը , որի քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը:

Չնայած նման մշակութային  նախաձեռնության՝ վերջինիս հետ կապված մի շարք իրարամերժ կարծիքներ եղան, և որոշ տրաձայնություններ առաջացան:

Այս ընթացքում ստեղծվեցին նաև Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված հուշարձաններ:

Այսպիսով արձանները կանգնեցվում են գրանիտից, բազալտից, մարմարից ու բրոնզից` հավերժական լինելու սպառնալիքով: Բայց դիմանում են 1-2 սերունդ միայն: Ամեն դարաշրջան կանգնեցնում է իր կերպարին հարիր արձաններ: Ամեն եկող սերունդ քանդակում է իր երազանքը: Ամեն հաջորդ սերունդ ընդվզում է նախնիների «քարացած պատկերացումների» դեմ ու քանդում դրանք` տեղ բացելով ի´ր իդեալների համար:

 

Մայրանուշ Քամալյան

4-րդ կուրս

Կիսվել