ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ԱՂԱՑՔԱՐ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՔԱՐԱՎԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՆԳՈՒՅՑ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ԱՂԱՑՔԱՐ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՔԱՐԱՎԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՆԳՈՒՅՑ

1854

Ծովասարցի ազգագրագետ և մանկավարժ, «Ծովասար» երկրագիտական թանգարանի հիմնադիր Դերենիկ Գևորգյանը Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից դեպի հարավ, Գեղամա լեռնաշղթայի փեշերին, գտել է հնագույն հղկված հսկա աղացքար և լեռնային ճանապարհի հետքեր: Ազգագրագետը տեղեկացրել է, որ աղացքարը գտնվել է ծովի մակերևույթից մոտ 2500 մետր բարձրության վրա, «Կոջի ձոր» կոչվող տարածքի աղբյուրից մոտ 50 մետր ներքև: Մեծ ու կարծր ժայռաբեկորի վերևի մասը հղկել են այնքան, որ բավարար է երկու հոգով նրա վրա դրված աղացքարը պտտելու համար:

«Աղացքարի համար նախատեսված փոսը լցված էր հողով և սառույցի շերտով: Երբ հղկված քարը մաքրեցի սառույցից ու տիղմից և լվացի աղբյուրի ջրով, այն փայլեց իր ողջ գեղեցկությամբ: Երկանքի կամ աղացքարի կենտրոնում նկատվեց այն անցքը, որտեղ ժամանակին ամրացրել են ամուր փայտից պատրաստված ձողը, որպեսզի երկրորդ քարը վերևում պտտվի համաչափորեն, անարգել և չհարվածի կողեզրերին, իսկ կողքին արված փոսը, ինչպես պատկերված է լուսանկարում, նրա համար է, որ աղացված ձավարը կուտակվի այդ փոսի մեջ:

Երկրորդ աղացքարի որոնման աշխատանքները դեռ շարունակվում են: Աղացքարից մոտ 200 մետր ներքև, ձորապռնկին, հայտնաբերեցի քարե սանդ, որի մեջ ժամանակին մարդիկ ձավար են ստացել ցորենը ծեծելու միջոցով: Ծովասարի «Ջոջ դար» կոչվող սարից դեպի հյուսիս-արևմուտք՝ Կարաուլ սարի հետևում, կա մի գերեզմանոց, որը զբաղեցնում է մոտ կես հեկտար տարածք, որտեղ պահպանվել է նաև հնագույն դամբարանադաշտ: Այդ հատվածում պահպանվել են նաև սայլի ճանապարհի հետքեր: Ճանապարհն անցել է Ծովասար, Ծակքար, Երանոս, Գեղարքունիք գյուղերի սարերով՝ Գեղամա լեռնաշղթայի փեշերով ու ձորերով, և հասել մինչև Սևանա լճի ափին գտնվող Բերդկունք գյուղ, որը եղել է առևտրական քարավանային ճանապարհների հանգույց:

Սարերով մոտ 15 կիլոմետր ձգվող քարավանային այդ ճանապարհի վրա եղել են բազմաթիվ բնակատեղիներ և անասնապահների ամառանոցային ժամանակավոր կացարաններ: Այնպես որ, մեր տարածքներն իրենց սրտում պահում են բազմաթիվ հնագույն գաղտնիքներ, որոնք ուսումնասիրման լուրջ կարիք ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց «Ծովասար» երկրագիտական թանգարանի հիմնադիր Դերենիկ Գևորգյանը։

 

Աիդա Գեվորգյան

4-րդ կուրս

Կիսվել