Մի դիպուկահարուհու պատմություն

Մի դիպուկահարուհու պատմություն

919

«Երբ մեծանամ, արքայադուստր եմ դառնալու», «Երբ մեծանամ, երգչուհի եմ դառնալու»,

«Երբ մեծանամ, դերասանուհի եմ դառնալու». սրանք միջին վիճակագրական փոքրիկ աղջնակների երազանքներն են, իսկ Լուսինեն դեռ մանկուց էր որոշել՝ դիպուկահար է դառնալու։ Մեզ հետ զրույցում Լուսինեի մայրն է պատմում.

-Ինքը միշտ էլ սիրել ա զինվորական գործը, այդ ժամանակ մտածում էի ՝ փոքր է, կմեծանա որոշումը կփոխի, բայց… բայց գնաց ու զինվորականի ճանապարհը բռնեց։

Դե՞մ էիք։

-Այո՜, դեմ էի, ես երազում էի, որ ինքը բժշկուհի դառնա, բայց ինձ չլսեց։

Լուսինեի մայրիկին խնդրեցի նկարագրել աղջկան՝ ինչպիսին էր փոքր ժամանակ։

-Փոքր ժամանակ շատ զուսպ էր, հնարավոր էր մեկը նրան նեղացներ, իսկ Լուսինեն պատասխան չտար։

-Որքա՞ն ժամանակ է, որ դիպուկահարի մասնագիտությունն ունի։

-Արդեն 7-8 տարի կլինի։

Լուսինեն յուրահատուկ է, դա ակնհայտ է հենց առաջին հայացքից, նրա պատմությունն է վկայում իր ՝չափից դուրս հաստատակամ լինելու մասին։ Հենց այս պահին առաջնագծում թշնամու վայրագությունների դեմ տղամարդուն բնորոշ խիզախությամբ կռվող դիպուկահարուհու մայրը անասելի հպարտութրուն է ապրում։

-Հպարտ եմ, շատ հպարտ եմ։ Վստահ եմ՝ աղջիկս իր գործի վարպետն է։ Մենք հաղթելու ենք, դրանում կասկած չկա։

Ակամայից հիշեցի էպոսի հայտնի խոսքերը՝ «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»…

Պարզվեց Լուսինեն խոհանոցից հեռու է։

-Համով բաներ ուտել սիրում է, բայց պատրաստել չի կարողանում։

-Ո՞րն է նրա ամենասիրելի ուտեստը։

-Ամենաշատը տոլմա է սիրում, միշտ զանգում ասում էր՝ տոլման տաքացրու, գործից տուն եմ գալիս։

-Այս պահին ի՞նչ կոչ կցանկանայիք ուղարկել սահմանում կռվող զինվորներին։

-Թող «դուխով» մնան, առողջ լինեն, Աստված իրանց հետ լինի, իրանց հաջողություն տա, որ հաղթանակած գան, մենք էլ իրանց հաղթանակը նշենք։

Պատերազմը համախմբեց բոլորիս, պատերազմը բոլորիս դաս տվեց, պատերազմը մեզ ստիպեց գնահատել մեր կյանքի ամեն կես վայրկյանը։ Պինդ մնացեք, հաղթելու ենք։

Մարիամ Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել