«Պատերազմը մեզ հետ չունի, մենք խաղաղության կողմնակիցն ենք»

«Պատերազմը մեզ հետ չունի, մենք խաղաղության կողմնակիցն ենք»

551
Նկարում Անին է, վիրավորների համար կաթիլայինի ապարատներ է հավաքում, ստերելիզացնում: Նա սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, Ֆինանսների կառավարման ֆակուլտետի 5-րդ կուրսում:

Արցախցի  Անիի համար հաղթանակը արժանապատվությունն է, նա կարծում է, որ մեր ազգը իր արժանապատվությամբ միշտ առաջինն է եղել, մենք` հայերս, միշտ արժանապատվորեն ենք պայքարել մեր գոյության, մեր հողերի համար: «Գիտե՞ք, պատերազմը չի կարող ասոցացվել գրքերում գրվածի հետ, պատերազմի մասին խոսելիս, պատմելիս, այնքան շատ բան ես ունենում ասելու, որ բառերդ չի հերիքում, ստիպված ուրիշ բառեր ես փնտրում տեղը լրացնելու համար, իսկ դա ոչ միշտ է տեսանելի լինում պատերազմը չտեսնողի ու չզգացողի համար»,- ասում է Անին և հավելում, որ մենք հաղթել ենք մեր գոյության համար, հաղթում ենք ու հաղթելու ենք, և միշտ այդպես է լինելու, (մի պահ հպարտությունն ու թախիծը խառնվում են իրար, լռում է, հետո էլի խիզախելով շարունակում), որ հայրենիքը իր համար հայրենի հողն է, իր հայրն է, իր պապերի ու նախապապերի անցած ուղին է, իր եղբայրերի պայքարն է: Հայրենիքը այն տունն է, որը պատվով է ձեռք բերվել:

«Ես իմ երկիրը սիրում եմ նաև այսպես քարուքանդ եղած վիճակում, ես հավատում եմ, որ էլի բարգավաճելու է մի բուռ դարձած իմ երկիրը:

Դեռ սեպտեմբերի 26-ի լույս գիշերը ահավոր վատ զգացողություն ունեի, չէի կարողանում քնել և տանը մենակ էի, ժամը 4:00-ին տաքությունս չափեցի, հասկացա, որ բարձր է ջերմությունս ու թեյեցի: Ավարտելուն պես, երբ որ ննջարան էի գնում «քնելու», թեև քնելու հետ առհասարակ սեր չունեմ, ինչ-որ վախ կար, կարծես տանը բացի ինձնից ուրիշ մարդ լիներ, որոշեցի լույսը միացրած քնել, որ հանկարծ չվախենամ, թեկուզ մենակությունը ինձ հարազատ է:

Միացնելուն պես, քնով անցա, 2 ժամ էլ չկար, կարծես մեկը պատուհանների հետ չունենար, անընդհատ ծեծում էր պատուհանս:

Վեր թռա, շորերս հագա, վազելով վերցրեցի տեսախցիկը, վզնոցս, Տիրոջ նկարը ու դուրս  շպրտեցի  ինձ, ուժեղ լինել չկարողացա, թեև պատերազմը ուժ է սիրում: Վազեցի միջանցք ու ամենաահավորը, որ կարող էի լսել, հարևան պապիկի գոռգոռոցն էր՝ պատերա՜զմ է, պատերա՜զմ է, դուրս եկեք:

Մայրը բարուրը գրկից չէր իջեցնում, մի պատի տակ կծկված, անվերջ աղոթում էր, լացիս ուժգնությունից դուրս եկան մի քանի հոգի՝ խնդրելով, որ չաղաղակեմ ու պանիկա չառաջացնեմ, հենց այդ պահին հասկացա, որ փրկողը ես եմ ու գոռացի ասողի վրա՝ դուրս եկեք դեպի ապաստարան, կռիվ է:

Մեկը՝ առանց կոշիկ, մյուսը՝ առանց շոր, առանց հաց:

Դուրս եկանք, ու վազեցինք դեպի ապաստարան, էդ ժամանակ նկատեցի, որ ծերերը կարծես անմահության երդում էին տալիս հենց ճանապարհին, մեզանից արագ էին վազում, որովհետև իրենց կյանքը ավելի թանկ է, քան՝ մերը, որովհետև նրանք գիտեն՝ ինչ է նշանակում գնահատել այն, ինչ ունես, կամ այն՝ ինչ կորցրել ես:

Մտանք ապաստարան. մարդկանց դեմքի արտահայտությունը կարծես չէր փոխվել, դե լավ, որ չստեմ, մի քանի հոգի արդեն քնել էին դարդ ու ցավից հոգնած:

«Հա, ցավդ տանեմ, ոչ մեկը չի փորձելու քեզ մատով կպնի», հենց լսեցի էս բառերը, շրջվեցի ու տեսա, որ պապը թոռան ցավն էր տանում:  «Է~հ պապ, ինչ ցավ, էս ցավ չի, էս պայքարա, հելնում ենք պայքարի»,- մտքումս ասեցի ես: Ապաստարանի ներսում սկզբից ասեղ գցելու տեղ չկար: Մի մասը վախեցած էր, մյուս մասը Երևան գալու հոգս էր անում, ես էլ մտածում ու մեղադրում էի ինձ, որ անկապ գումար ծախսելու փոխարեն մի սեփական զենք չունեմ ինքնապաշտպանելու ու մնացածներին գոնե փրկելու համար:

Համ մտածում էի, համ էլ երկնքի անհանգստության ձայնի ելևէջներով երգի բառեր էի գրում:

Որոշ ժամանակ անց ապաստարանում մնացին հինգ տատիկ, մեկ պապիկ ու ես:

Արքայություն էր ամեն օր արթնանալ ու նախաճաշել հենց տատիկների ձեռքով պատրաստած ձվածեղը:

Մայրս էդ ժամանակ գտնվում էր Հադրութում, խնդրեցի տեղափոխի քույրիկներիս, քանի որ դեռ փոքր են նման մարտահրավերներին մասնակցելու համար:

Մայրս մնաց Հադրութում, ամեն անգամ Հադրութից մի վատ նորություն լսելուց հետո, ոտքերս թուլանում էին: 

Մի քանի օր հետո Երևան գնաց, պատկերացրեք իր տեսակը չի հանձնվել երբեք, բայց պիտի գնար, որովհետև ուզում էր ապրել:

Ես Ստեփանակերտում էի և զբաղված էի կամավորությամբ, հետո նորից հիվանդացա ու ապաստարանում էի, մինչև մայրս չզանգեց ու ասաց հետ եմ գալիս Արցախ, եթե չգաս ինձ մոտ՝ Երևան: Չլսեցի: Ո ՞ւմ թողնեմ երկիրս, թիկունքը պիտի ուժ տա զիվորին, ինչպե ՞ ս փախչեմ, չորս եղբայր ունեմ առաջնագծում, չորսն էլ առյուծներ են»: Անին ասում է, որ չի թողնելու եղբայրներին ու մնալու է նրանց  կողքին:

Իմ հարցին, թե ինչի ՞ց է վախենում, Անին պատասխանեց, որ պատերազմի հետևանքերից, այն դեռ երկար հիշեցնելու է  իր մասին, հետո ասաց՝ հասկացել է, որ պատերազմը  ճակատագիր չի, պայքա՜ր է, պայքա՜ր, հասկացել է, որ մենք բոլորս զինվոր ենք մեր պետության համար ու մեր մեջ եղած եռանդով, ուժով, պետք է հաղթահարենք ստեղծված իրավիճակը:

«Պատերազմը ժպիտս է խլել ինձանից, ժամանակս, նաև մարդկանց է խլել ինձանից: Ցավոք…(լռում է) Ու ես հիրավի ատում եմ այս պատերազմը:

Մենք ականատես ենք լինում մեր ժողովրդի լավագույն որակներին՝ միասնություն, համերաշխություն, բարոյական և քաղաքացիական բարձր ոգու դրսևորումների:

Պատերազմը մեզ հետ սեր չունի, մենք խաղաղության կողմնակիցն ենք, մենք հաղթելու ենք, որովհետև մեր միասնականությունը հաղթում է ու հաղթել է դարեդար:

Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, չպակասեք հանկարծ»,- հենց այսպես ավարտեց զրույցը հայուհի Անին՝ վստահեցնելով, որ ամեն բան լավ է լինելու:

Անի Ղումաշյան

2-րդ կուրս

Կիսվել