«Հիմա զանգից զանգ ենք ապրում…»

«Հիմա զանգից զանգ ենք ապրում…»

963

«Ամբողջ գիշեր տագնապի զգացողություն կար, ինչ-որ վատ բան էի զգում և առավոտյան 7:40-ի կողմերը սկեսրայրս զանգեց ամուսնուս ու ասեց, որ հավաքենք իրերը, պետք ա տեղափոխվենք» . պատմում էր Քրիստինեն, ով պատերազմի հենց առաջին օրը ընտանիքի հետ Արցախից տեղափոխվեց Գորիս:

«Ապրում ենք Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում: Պատերազմը սկսվելուն պես տեղափոխվեցինք Գորիս, այնտեղից էլ՝ Երևան»: Քրիստինեի ամուսինը, տեգրը և սկեսրայրը կամավորական ջոկատի հետ մեկնեցին առաջնագիծ, իսկ կանայք և Քրիստինեի 2 տարեկան տղան` Մարկը, այժմ Երևանում են: «Հիմա զանգից զանգ ենք ապրում, մերոնք ամենալարված տեղերում են: Ամուսնուս տատիկը մնաց գյուղում և օգնում է էն մարդկանց, որ տեղահանվել և գյուղ են եկել»:

Քրիստինեն պատմեց, որ Գորիսի իրենց տանը 17 հոգով էին ապրում: Նրանց հետ նույն հարկի տակ էին նաև ամուսնու հարազատների երեխաները և տեղացիներից մի քանիսը: «Դժվար էր սնունդի հարց լուծելը, բայց համայնքապետարանը անձնագրով սնունդ էր տրամադրում: Իսկ Երևանում օգնության առաջարկներ շատ եմ ստացել, սակայն ուղղորդել եմ՝ օգնեն այլ մարդկանց, որոնք այս պահին ավելի շատ ունեն դրա կարիքը»:

Քրիստինեն աշխատում է Բերձորի մանկապարտեզումորպես դաստիարակ: Նահիշում է, որ կիրակի առավոտյան արթնանալուն պես մտածում էր, որ վաղը նորից աշխատանքի է․ «Կիրակի առավոտյան աչքերս բացել եմ ու երկար ժամանակ չէի հասկանում՝ ինչ էր կատարվում: Դուրս եկանք ու մի ամբողջ փողոց մեքենաներ էին, ես դեռ այդքան մեքենա չէի տեսել մեզ մոտ։ Խուճապ սկզբում չկար, քիչ-քիչ բոլորը սկսեցին գնալ ապաստարաններ կամ տեղահանվել»: Քրիստինեն նշեց, որ Արցախից գալու ժամանակ ամեն ինչ թողել են տանը և ոչինչ չվերցնելով իրենց հետ դուրս եկել. «Նույնիսկ երեխայի շորեր նորմալ չենք վերցրել , ամեն ինչ թողել, եկել ենք։ Այդ պահին չէի հասկանում՝ ինչ պետք է անեմ, ոնց որ երազ լիներ, չէի հավատում, որ էդ ամենը իրական ա»:

Երկու տարեկան Մարկը մինչ օրս վախենում է բոլոր տեսակ ձայներից, և ըստ Քրիստինեի՝ երեխայի մոտ դեռ կա այդ տագնապը, որը չգիտի՝ դեռ ինչքան կշարունակվի . «Երբ դեռ Արցախում էինք և հետո նաև Գորիսում, ու լսվում էին կրակոցի կամ այլ տեսակի ձայները, ես ինքս էլ շատ էի վախենում, հիմա տղաս ամեն չնչին ձայնից վախենում է։ Բոլորը հիմա շատ ծանր հոգեբանական վիճակում են։ Բայց ցանկացած պարագայում պետք է չհանձնվել, պետք է չկորցնենք մեզ։ Մեր ուժը մեր միասնության մեջ է, պետք է պայքարել, որ հաղթենք և բոլորը ողջ-առողջ վերադառնան տուն»,- եզրափակեց նա:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել