2020 թվականի սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերը սկսեցին լայնամաշտաբ ռազմական գործողություններ:
Այս օրերին թշնամու կողմից թիրախավորվում են ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանագիծը և ռազմական օբյեկտները, այլև Արցախի խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ի՞նչ պետք է անել, երբ հնչում է օդային տագնապը։ Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել և չմատնվել խուճապի։ Որտե՞ղ ապաստանել։ Ինչպե՞ս ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Այս հարցերի պատասխանների իմացությունը պարտադիր պիտի լինի պատերազմող երկրի ցանկացած քաղաքացու համար։
Օդային տագնապ
«Օդային տագնապ» ազդանշանը տրվում է հակառակորդի անմիջական հարձակման վտանգի դեպքում: Կարևոր է իմանալ, որ ազդանշանի հնչելուց մինչև օդային հարվածը կարող է տևել մի քանի րոպե, որի ընթացքում հարկավոր է թաքնվել թաքստոցներում:
- Ազդանշանի ընդհատվող հնչեցման դեպքում բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում: Այդ նպատակով օգտագործվում են տեխնիկական միջոցներ` կապի միջոցներ, շչակներ, ավտոմատացված համակարգեր:
- Բանվորների և ծառայողների պաշտպանության համար օգտագործվում են օբյեկտներում առկա թաքստոցները, իսկ չաշխատող բնակչության համար` հասարակական և բնակելի շենքերի նկուղային հարկերը: Թաքստոցների բացակայության դեպքում քաղաքացիների պատսպարման համար օգտագործվում են ստորգետնյա շինությունները և բնական թաքստոցները:
- Եթե ազդանշանը տրվել է աշխատավայրում, անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքը, անջատել էլեկտրականությունը, գազը, ջուրը, իրականացնել կազմակերպության հրահանգով նախատեսված այլ միջոցառումներ և արագ կերպով թաքնվել կազմակերպությանը ամրագրված թաքստոցներում: Անընդհատ գործող արտադրությունում անհրաժեշտ է հաստոցները, սարքավորումները և տեխնոլոգիական ուղիները տեղափոխել աշխատանքային անվտանգ ռեժիմի:
- Ազդանշանը տրված ժամանակ, տանը գտնվելու դեպքում, անհրաժեշտ է անջատել տաքացուցիչ սարքավորումները, լույսը, գազը, ջուրը, վերցնել փաստաթղթերը, սննդամթերքի պաշար, դեղորայք, հագցնել երեխաներին և արագ տեղափոխվել թաքստոց: Թաքստոց մտնելիս պահպանել հաստատված կարգ ու կանոնը և հանգստություն:
- Եթե ազդանշանը տրվել է փողոցում գտնվելու ժամանակ` անհրաժեշտ է քաղպաշտպանության ուղեցույցների օգնությամբ զբաղեցնել մոտակա թաքստոցը: Տրանսպորտում գտնվելու ժամանակ պետք է սպասել կանգ առնելուն, հանգիստ իջնել և թաքնվել մոտակա պաշտպանական կառույցներում: Եթե մոտակայքում չկան թաքստոցներ, ապա պետք է օգտագործել նկուղային շինությունները:
- «Օդային տագնապ» ազդանշան տրվելու ժամանակ հասարակական վայրում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ուշադիր և հանգիստ լսել աշխատակազմի ցուցումները` որտեղ են գտնվում մոտակա պաշտպանական կառույցները:
- «Օդային տագնապ» ազդանշանով անմիջապես դադարեցվում են նաև պարապմունքները ուսումնական հաստատություններում և միջոցներ են ձեռնարկվում ուսուցանվողներին և ուսուցչական անձնակազմին թաքստոցներում պատսպարելու համար: Կարևոր է թաքստոցում պատսպարված մարդկանց հիշեցնել ԱՊՄ (անհատական պաշտպանության միջոցներ) միջոցները օգտագործելու կանոնները և պահելաձևը:
Ապաստարաններ
Օդային տագնապ հայտարարելուց հետո հարց է ծագում` որտեղ պետք է թաքնվի բնակչությունը:
Ցավոք, մենք գիտենք, որ ՀՀ-ի գրեթե բոլոր քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Երևանի շատ բնակելի շենքերի նկուղներում տիրում է քաոսային իրավիճակ և դրանք որպես ապաստարան պարզապես պիտանի չեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ այդ հարցի շուրջ արդեն տարվում են աշխատանքներ և տրվել է նկուղները մաքրելու հրաման, որպեսզի հարկ եղած դեպքում բնակչությունը կարողանա հնարավորինս արագ այնտեղ պատսպարվել:
Բայց քանի դեռ նկուղները, ստորգետնյա անցումները դեռևս պատրաստ չեն շահագործման, հարց է ծագում, թե որտեղ պետք է ապաստանեն քաղաքացիները տագնապ ազդանշանի պարագայում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի մի շարք հրամաններում: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է Հայաստանի տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի և հասարակական շենքերի նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում: Առավել կարևորվում է բազմաբնակարան բնակելի շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղիների նախատեսում ու դրանք որպես ապաստարաններ օգտագործելու հնարավորությունը: Միաժամանակ հասարակական շենքերում կարևորվում է դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և մարզական, վարչական օբյեկտների նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների ներկառուցման կամ հարմարեցման անհրաժեշտությունը՝ սահմանվող պարտադիր պահանջների կիրառմամբ (հատկապես բնակելի, դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և վարչական օբյեկտների, առևտրի մեծ կենտրոնների, սպորտային և հյուրանոցային համալիրների և այլն):
Առաջին բուժօգնություն
Ցանկացած արտակարգ իրավիճակ ինքնին մեծ սթրես է։ Պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել և խուճապի չմատնվել, հատկապես երբ անհրաժեշտ է ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Կան որոշակի գիտելիքներ, որոնք պարտադիր են բոլորի համար, իսկ ռազմական դրության պայմաններում դառնում են առաջնային անհրաժեշտության հմտություններ։
Ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է ձեռնարկվեն որոշակի քայլեր, որոնք կնպաստեն տուժածի վիճակի բարելավմանը և կկանխեն հետագա վտանգները։ Մեզ հետ զրույցում ռենգենոլոգ Լաուրա Զաքարյանը նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի առաջին բուժոգնությունը լինի ժամանակին և ճշգրիտ։
«Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչև որևէ գործողության դիմելը, պետք է մի պահ կանգ առնել ու սառնասրտորեն մտածել կատարվածի մասին, գնահատել իրավիճակը, ապա ծրագրել հետագա բոլոր գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին և հնարավորություններին»,- ասում է Լաուրա Զաքարյանը։
Բժշկի խոսքով՝ ստեղծված պատերազմական իրավիճակում կարևոր է, որ բժշկական որոշակի գիտելիքներ և առաջին բուժօգնություն տրամադրելու հմտություններ ունենան ոչ միայն բժիշկներն, այլև յուրաքանչյուր մարդ՝ անկախ նեղ մասնագիտացումից։
Առաջին բուժօգնությունը պարզագույն բուժական միջացառումների համալիր է, որն իրականացվում է վնասվածքը ստանալու վայրում՝ ինքնօգության և փոխօգնության ձևով, ինչպես նաև փրկարարների կողմից՝ օգտագործելով հատուկ և ձեռքի տակ եղած միջոցները։
Առաջին բուժօգնության հիմնական նպատակն է տուժածի կյանքի փրկումը, վնասվածքի ծանր հետևանքների կանխարգելումը, ախտահարող գործոնի շարունակվող ազդեցության վերացումը կամ նվազեցումը և տուժածի արագ տեղափոխումն ախտահարման վայրից մոտակա բժշկական հաստատություն։
Առաջին բուժօգնության ցուցաբերման օպտիմալ ժամանակը 30 րոպեն է վնասվածքը ստանալու պահից, թունավորման դեպքում 10 րոպեն, շնչառության դադարեցման դեպքում 5-7 րոպեն։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելիս առաջին հերթին պետք է դադարեցնել վնասակար գործոնների ազդեցությունը՝ հանել փլատակների տակից, ջրից, հանգցնել այրվող հագուստը, դուրս բերել թունավոր օջախից, մեքենայից և այլն։
Զննման ժամանակ պետք է պարզել տուժածը կենդանի է, թե՝ ոչ, ապա որոշել վնասվածքի ծանրության աստիճանը, արյունահոսության առկայությունը և առանց որևէ րոպե կորցնելու տուժածին ցույց տալ համապատասխան օգնություն։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ախտորոշում չի կատարվում, այլ օգնությունը ցուցաբերվում է վնասվածքի բացահայտ նշանների առկայության հիման վրա՝ վերքի առկայություն, արտաքին արյունահոսություն, շնչահեղձություն։
Օգնությունը ենթադրում է՝
• արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցում
• ցավազրկում,
• վերքային և այրվածքային մակերեսի վիրակապում ասպետիկ կապով
• կրծքավանդակի վիրակապում հերմետիկ կապով,
• վնասված վերջույթի անշարժացում,
• հակաբիոտիկների ընդունում։
Առաջին բուժօգնությունը ենթադրում է նաև մի շարք միջոցառումների իրականացում, ինչպիսիք են՝
• սրտային և անոթասեղմիչ միջոցների ներարկում արյան զարկերակային ճնշման խիստ անկման դեպքում,
• շնչառության ընկճման դեպքում շնչառական խթանիչների ներարկում,
• սիրտ թոքային վերակենդանացման պարզագույն միջոցառումներ,
• շոկի ժամանակ դեղորայքի ներարկում։
Շատ կարևոր է որպեսզի մարդիկ տանը ունենան առաջին բուժօգնության պայուսակ, որը կպարունակի ամենաանհրաժեշտ պարագաները՝
- ստերիլ և ոչ ստերիլ բամբակ,
- ցավազրկողներ, ջերմիջեցնողներ,
- սովորական և հականեխիչ կպչուն ժապավեն,
- քսուքների համար նախատեսված փոքրիկ թիակներ,
- սնդիկային ջերմաչափ,
- յոդ, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման և տարբեր նպատակների համար,
- զմրուխտ-կանաչ լուծույթ, որն օգտագործվում է վերքերի և ջրծաղիկի հետեւանքով առաջացած բշտիկների մշակման համար,
- կալիումի մանգանաթթու, որի նոսր լուծույթն օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ։
Սառա Ցականյան
Աննա Պետրոսյան
4-րդ կուրս