Թշնամին, ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի է...

Թշնամին, ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի է դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա և զինամթերք. Արծրուն Հովհաննիսյան

478

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը փաստեց, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը:

«Դեռ վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով:
Սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով:
Նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել»
,-նշեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև, ինչպես տեսանյութում հրապարակեցին մեծաքանակ զինամթերք:

«Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը: Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում, դուք տեսնում եք: Բայց թե որ բնագիծը, որ տեղամասը, ինչ հաջողություն, ինչ առաջընթաց… »,-նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև ասաց, որ առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելով՝ հաջողությունները ֆիքսելն ընդհանրապես ակտուալ չէ:

«Հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով, և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում: Դրա համար կոնկրետ բնագծեր և հաջողություններ ու նահանջներ չենք նշելու»,-պարզաբանեց ՊՆ ներկայացուցիչը։

Օրվա ընթացքում, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ-ներ։

«Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում: Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել