–Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ հիմնական ուղերձ էր պարունակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը։
-Նիկոլ Փաշինյանի հիմնական ուղերձը՝ ազգի կոնսոլիդացիան էր և մոբիլիզացիան: Նա նշեց, որ ըստ էության, իրավիճակը ռազմաճակատում շատ ծանր է և բոլորին կոչ արեց միավորվել և մոբիլիզացվել, տեղափոխվել Արցախ և պայքար մղել զավթիչների դեմ: Սա առաջին ուղերձն էր: Հաջորդ ուղերձն այն էր, որ նա նաև միջազգային խաղացողներին, դերակատարներին կոչ արեց զսպել Թուրքիային, աշխարհաքաղաքական ուժերի կենտրոններին կոչ արեց կանգնեցնել Թուրքիային, այլապես հետո ուշ կլինի, և բացի դրանից, նա նաև նշեց ռազմաքաղաքական այն պատճառները, որի հետևանքով ստեղծվել է այս իրավիճակը: Կոնկրետ նա մեղադրեց Ադրբեջանին, որ բանակցություններում ապակառուցողական դիրքերից է հանդես եկել, Հայաստանի իշխանություններից պահանջել է իրեն վերադարձնել հինգ շրջանները և դրա դիմաց ոչինչ չտալով, կամ անորոշության խոստում տալով: Կարճ ասած, հայկական կողմն առաջարկել է քննարկել «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը, իսկ ադրբեջանական կողմը առաջարկել է տարածքներ անորոշության դիմաց կամ տարածքներ չհարձակվելու դիմաց, ինչը, բնականաբար, Հայաստանի համար անընդունելի է եղել:
–ԱԳ նախարարների ձեւաչափով հումանիտար հրադադարի որոշումից հետո հրադադար չի պահպանվում։ Ռուսաստանից այս օրերին մի քանի հայտարարություններ արեցին արդեն, բայց ՌԴ–ն, կարծես թե, դիտորդի դերում լինի, ի՞նչն է պատճառը։
-Հիմնվելով Ռուսաստանի (այսպես ասեմ) կրավորական կեցվածքին, երկու պատճառ եմ տեսնում: Նախ՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, փորձում է չեզոքություն պահպանել այս կոնֆլիկտում, հանդես չգալ որպես կողմերից մեկի դաշնակից, և երկրորդ՝ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մասնավորապես՝ Ադրբեջանը ռուսական զենքի կարևորագույն գնորդներից մեկն է, և Ռուսաստանը չի ուզում կորցնել այս շուկան: Չնայած այդ ամենին, ես չեմ ուզում իհարկե արդարացնել Ռուսաստանի պահվածքը: Ռուսաստանի պահվածքը, վարքագիծը այս օրերին անընդունելի և անհասկանալի է ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ ռուս փորձագետների համար, որովհետև այլևս ադրբեջանցիները հարվածներ են հասցնում նաև անմիջապես Հայաստանին, և Ռուսաստանը այս մասով ունի բազմաթիվ պարտավորություններ՝ թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ երկկողմ պայմանագրային շրջանակներում: Խնդիրը նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է, և պատահական չէ, որ շատ ռուս փորձագետներ հայտարարում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրթիռակոծումը նաև ինչ-որ տեղ ապտակ է Ռուսաստանի հեղինակությանը: Եվ նրանք կոչ են անում, որպեսզի Ռուսաստանը համարժեք քայլեր ձեռնարկի:
–Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, ի՞նչ կարող ենք ակնկալել այս այցից։
-Հունաստանի մասով՝ Հայաստանը և Հունաստանը վերջին տարիներին բավականին լուրջ դաշնակցային հարաբերություններ են զարգացնում: Իհարկե, թղթով դաշնակցային չեն այդ հարաբերությունները, բայց գործնականում շատ լուրջ հարաբերություններ ենք զարգացնում Հունաստանի հետ: Դա հասկանալի է. Հայաստանը և Հունաստանը ընդհանուր թշնամի ունեն՝ դա Թուրքիան է, և այստեղ մենք համագործակցության լայն դաշտում ենք: Իհարկե, վաղը շատ բաների մասին չի խոսվի՝ թե ինչ են քննարկել, բայց ես կարծում եմ, որ շատ քննարկումներ կլինեն Թուրքիային հակազդելու և նաև Հունաստանի կողմից որոշ չափով Հայաստանին տարբեր հարցերում օգնություն տրամադրելու համար:
–ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների են պատրաստվում, եւ հասկանալի է, թե ինչու է Թրամփի վարչակազմը անտարբեր։ Բայց բացառությամբ մի քանի երկրների՝ նույն վարքագիծը տեսնում ենք ԵՄ–ի կողմից, ինչու՞։
-Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա ես կարծում եմ, որ Եվրամիությունում ակտիվ են: Եվրամիության առանցքային երկրներից է Ֆրանսիան, որն էլ հենց առաջին օրից բավականին ակտիվություն է ցուցաբերում: Մակրոնը բազմիցս հայտարարություններ է արել, ընդ որում ոչ չեզոք, շատ օբյեկտիվ, բացահայտ մեղադրել է Թուրքիային՝ Հայաստանում Ադրբեջան ահակաբեկչներ ներմուծելու մեջ, նաև հայտնել է, որ այս պատերազմը սկսել է Ադրբեջանը: Այնպես որ, ես չէի ասի, թե Եվրամիությունը կրավորական կեցվածք է որդեգրել: Իհարկե, Եվրամիությունը միշտ էլ շատ հարցերում աչքի է ընկնում իր դանդաղկոտությամբ և ոչ վճռական քայլերով: Կապված այն բանի հետ, որ այստեղ կան 28 երկրներ և մինչև համապատասխան որոշում են ընդունում, տարբեր իստանցիաներով պետք է անցնեն այդ որոշումները, Եվրոպայում էլ սրա հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան, որ շատ հաճախ ոչ համարժեք և ոչ արագ են արձագանքում շատ խնդիրների: Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի է. եթե այլ երկրների դեպքում կենտրոնից է որոշումը կայացվում, ապա Եվրամիության դեպքում բոլոր 28 երկրները պետք է իրենց համաձայնությունը տան, և հաճախ, երբ որ որևէ երկիր վետո է կիրառում կամ դժգոհություն է ունենում, այնտեղ շատ դժվար է որոշումներ ընդունելը: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը նույնպես բավականին ակտիվ է, և փորձում են այս օրերին թե՛ նախարարների մակարդակով, թե՛ եվրոպական կառույցների մակարդակով բանաձևեր ընդունել, կանգնեցնել պատերազմը և այլն: Եվ ես կարծում եմ ՝ առաջիկայում մենք նոր քայլեր կտենսնենք Եվրամիության կողմից։
Գեղամ Ադյան
3-րդ կուրս