Քնապարկեր և ծածկոցներ՝ զինվորների համար

Քնապարկեր և ծածկոցներ՝ զինվորների համար

1928

17-ամյա Արթուր Դավթյանը 8 օր է, ինչ միացել է Ոստան գյուղի «ԱՆԻԹԵՔՍ» կարի արտադրամասի նախաձեռնությանը՝ ծածկոցներ, վերմակներ, ներքնակներ, քնապարկեր են կարում զինվորների համար:

«Արտաշատում ունենք կամավորների մի խումբ և միշտ մասնակցում ենք հանրօգուտ աշխատանքներին: Կամավորներից մեկի մայրը աշխատում է արտադրամասում, նրա միջոցով տեղեկացանք նախաձեռնության մասին ու որոշեցինք մեր ավանդն ունենալ»,- պատմում է Արթուրը:

Արտադրամասն ունի 30-ից ավելի աշխատակից, նրանց են միացել 15 կամավորներ, ներկա պահին մեծամասամբ աշխատում են կանայք, քանի որ տղամարդիկ կամավորագրվել և մեկնել են Արցախ:

«Առաջին աշխատանքային օրվանից հետո եկա տուն, պատմեցի, թե ինչ աշխատանքներ ենք իրականացնում, քույրս նույնպես որոշեց իր մասնակցությունն ունենալ թիկունքային աշխատանքին»,- նշում է Արթուրը:

Կամավորները պատմում են, որ եղել է, երբ վերջացել են նյութերը, բայց աշխատանքը չեն դադարեցրել: Գտել են փոխարինող կտորներ, օգտագործել են ձեռքի տակ եղած բոլոր պարագաները՝ փորձելով հնարավորինս մեծ քանակ ապահովել, աշխատելով օրական մոտ 10 ժամ:

«Ի սկզբանե վաճառքի համար նախատեսված ապրանքների մեծ մասը վերամշակվում էր և դառնում առաջնագծին անհրաժեշտ պարագա: Արդեն հասցրել ենք կարել ավելի քան 1500 ապրանք»,- հավելում է Մերի Դավթյանը:

Ապրանքների տեղափոխումն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը:

«Ամբողջ աշխատանքի ընթացքում մտքով սահմանին մեր տղաների կողքին ենք ու գիտակցում ենք, որ եթե առաջնագիծ գնալ չենք կարող, պետք է թիկունքում նրանց աջակցենք: Վստահում և հավատում ենք մեր զինվորներին, թող իմանան, որ թիկունքը նույնպես ամուր է»,- եզրափակում է Արթուր Դավթյանը:

Սվետլանա Դավթյան

3-րդ կուրս

Կիսվել