Ադրբեջանի հրահրած պատերազմը մեկ այլ Սիրիա ստեղծելու վտանգ է պարունակում. ՀՀ նախագահ...

Ադրբեջանի հրահրած պատերազմը մեկ այլ Սիրիա ստեղծելու վտանգ է պարունակում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ POLITICO-ին

620

Հայտնի վերլուծաբան Բեն Յուդահը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա POLITICO պարբերականում անդրադարձել է այդ հարցազրույցին՝ հոդված հրապարակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այն թարգմանաբար, մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.

Հայաստանի նախագահ Ամեն Սարգսյանն ասում է, որ Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև Եվրամիության համար:

Հայաստանի նախագահը պատասխաններ է ակնկալում ՆԱՏՕ-ից՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի ներգրավման առնչությամբ: Արմեն Սարգսյանն ասում է, որ պատրաստ է մեկնել Բրյուսել՝ Կովկասում Անկարայի գործողությունների շուրջ տրանսատլանտյան դաշինքին դեմ առ դեմ ասելու և Եվրամիությանը նախազգուշացնելու այն սպառնալիքի մասին, որ դրանք ներկայացնում են դաշինքի անվտանգության համար:

Սարգսյանը նշեց, որ ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ և F-16 ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում:

«Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից և այլն: Եթե գնամ Բրյուսել, կցանկանամ խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, թե ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել»,– ասաց Հայաստանի նախագահը POLITICO-ին տված հարցազրույցում:

Սարգսյանը նաև նշեց, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն և Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար. «Պատրաստ եմ Անգելա Մերկելին ասել, որ ես հասկանում եմ՝ Եվրոպան զբաղված է այլ գործերով, որ բոլորը զբաղված են COVID-19- ով, բայց, հարգելի տիկին կանցլեր, այն, ինչ դուք, հավանաբար, պարզ չեք տեսնում, Կովկասից դեպի ձեզ եկող մեկ այլ աղետ է, որը ոչ թե կենսաբանական, այլ անկայունության և պատերազմի վիրուս է»:

Սարգսյանն ասաց, որ ցանկանում է, որ հասկանալի լինի. «Թուրքիայի և Ադրբեջանի հրահրած պատերազմը մեկ այլ Սիրիա ստեղծելու վտանգ է պարունակում: Կամ՝ Թուրքիան Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի ստեղծող և կառավարող է դառնում»: (ԵՄ-ի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ խողովակաշարերը մոտ են գտնվում Լեռնային Ղարաբաղին):

Միևնույն ժամանակ, նա անհրաժեշտություն չի տեսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հիշեցնել հակամարտության հնարավոր աշխարհաքաղաքական ճյուղավորումների մասին. «Կարծում եմ՝ Մակրոնը հասկանում է, որ Կովկասում անկայունությունը հարվածելու է տարածաշրջանի ավելի հեռու հատվածներին, իսկ հետո ազդեցություն կունենա Արևմտյան Եվրոպայի վրա,– ասաց Սարգսյանը: 
-Նա հասկանում է, որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նշանակում է, որ Հարավային Եվրոպան և Կենտրոնական Ասիան կախվածություն մեջ կլինեն Թուրքիայից, և Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն: Դա հենց այն է, ինչին ցանկանում է հասնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը»:

Ֆրանսիայում, որտեղ բնակվում են բավականին մեծ թվով հայեր, օրինագիծ է ներկայացվել խորհրդարան՝ Արցախի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին:

Սարգսյանն ասում է, որ շատ ուրախ կլինի, եթե Ֆրանսիան ճանաչի առանձնացած տարածաշրջանը. «Մենք՝ հայերս, մշտապես հավատացել ենք, որ խնդրի լուծման պետք է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, և իրավիճակն ավելի չբարդացնելու նպատակով մինչև հիմա զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը ճանաչելուց»: Նա ավելացնում է. «Բայց իհարկե, եթե չտեսնենք լույս թունելի վերջում, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը»:

«Այնպիսի տպավորություն է,– ասում է Սարգսյանը, -որ Էրդողանն իր շուրջն ամենուր անկայունություն է ստեղծում և ջարդում է ստատուս քվոն: Այս անկայունության ծովում Թուրքիան կարծես բավական հանգիստ լողում է, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս խաղալ բոլորի հետ»:

Սարգսյանն ասում է, որ տպավորությունը, թե Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում ազդեցություն գործել Անկարայի վրա, ռիսկի տակ է դրել այդ կառույցների վստահելիությունը. «Ես կոչ եմ անում Բրյուսելում բոլորին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նախ և առաջ, նրանք պետք է որոշեն, թե ինչն է ընդունելի, քանի որ թուրքական գործողությունները վնասելու են ՆԱՏՕ-ին, նրա հեղինակությունն ու հիմնարար գաղափարը, թե այն դաշինք է, որը գոյություն ունի թշնամուց պաշտպանվելու համար»:

Նա նաև նախազգուշացրեց, որ սիրիացի վարձկանները կարող են դառնալ տարածաշրջանում երկարաժամկետ ապակայունացման գործոն. «Նրանք այստեղ կստեղծեն մեկ այլ անկայունության գոտի, որը սպառնալու է Ադրբեջանին, Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին»:

Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, որն անցյալում զենքեր է մատակարարել նաև Ադրբեջանին, մինչև հիմա նախընտրել է ռազմական աջակցություն չցուցաբերել Երևանին: Այդուհանդերձ, Կրեմլը վերջին շաբաթների ընթացքում եղել է հակամարտության մեջ առաջատար դիվանագիտական ուժը, որը բանակցություններ էր վարում հրադադարի շուրջ, որը չի հաջողվել:

«Ես գնահատում եմ այն, ինչ անում են նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,– ասում է Սարգսյանը:

Կիսվել