Այս պահի դրությամբ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան...

Այս պահի դրությամբ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում. Արծրուն Հովհաննիսյան

706

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններով:
«Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Երեկ երեկոյան իրավիճակից սկսած օրվա ընթացքում մի քանի անգամ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ: Այդ թվում՝ հատուկ ցուցադրել ենք թուրքական արտադրության, ընդ որում՝ 2020թ.-ի սեպտեմբերի արտադրության «Բայրագթար» տեսակի ԱԹՍ-ներ»,– ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում: Արծրուն Հովհաննիսյանը նաև ցանկացավ հատուկ շեշտել, որ այդ մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը մեր հրամանատարությունը շատ լավ պատկերացնում է:
«Ադրբեջանական ԶՈւ-երի դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որտեղ լինում են բնակիչներ կամ չեն լինում, կամ այդ բնակավայրերը ընդհանրապես բնակեցված չեն լինում շատ վաղուց, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, որը առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ, ցավալիորեն, ազդում է նաև մեր հանրության վրա, ազդում է նաև մեր լրատվադաշտում: Կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ 10-15 օր առաջ համարվում են Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից արդեն գրավված, նույնիսկ շատ քարտեզներում, համացանցում համարվում են իրենց ԶՈւ-երի վերահսկողության տակ, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողությունը, և բոլոր մուտք ու ելքերը՝ քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով, ջախջախվում են հիմնականում հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով, բայց իրենց համար մինչև այսօր դրանք համարվում են գրավված տարածքներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև հորդորեց բոլորին՝ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել:
 «Իրավիճակը կայուն է, վերահսկելի է: Որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում, որ կոնկրետ զորքերի առաջխաղացում կա, հաջողություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կիսվել