16 -ամյա լուսանկարչուհու արևոտ նկարներն ու երազանքները

16 -ամյա լուսանկարչուհու արևոտ նկարներն ու երազանքները

2236

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի 16 – ամյա բնակչուհին երազում է դառնալ հայտնի լուսանկարիչ, բացել սեփական լուսանկարչական ստուդիան և ուսուցանել երեխաներին։
Այդ մասին է պատմում դիլիջանցի ապագա լուսանկարչուհին՝ Օքսաննա Առաքելյանը։


– Լուսանկարչության ոլորտում Ձեր առաջին քայլերի մասին կպատմե՞ք։

– 12 տարեկանում ընդունվեցի Դիլիջանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ հաճախում եմ մինչ օրս։ Այնտեղ մեզ տրվում էին տարբեր տեսակի վարժանքներ, որոնք հաղթահարելուց հետո մենք անցնում էինք դասընթացների փուլ։ Առաջին մակարդակում լուսանկարչության տեսություն ուսումնասիրեցինք, հետո անցանք գործնական պարապմունքների։ Դրսում նկարում էինք առաջին պատահած պատկերը մեր աչքերով։ Հաջողությամբ ավարտեցի առաջին մակարդակն ու անցա առաջ։ Գնալով հետաքրքրությունն սկսեց բազմապատկվել, ու արդեն ինքս էի ուզում նկարել ամեն ինչ։ Ինձ անգամ պատկերացրել եմ հայտնի լուսանկարչի դերում։

Ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հոգեհարազատ, ի՞նչ ոճի նկարներ եք անում։

-Լուսանկարչությունը լինում է առարկայական, գովազդային, սիրողական, գիտական, պրոֆեսիոնալ, բայց այսքանից ես ինձ համար առանձնացրել եմ սիրողականը, ու կարելի է ասել՝ ինձ համարում եմ սիրողական լուսանկարչուհի։ Հիմնականում գերադասում եմ նկարել տարեցներին ու մանկահասակ երեխաներին, բայց նրանց շատ դժվար է լինում լուսանկարել, քանի որ մարդկանց մեծ մասը խուսափում է տեսախցիկից։ Այդ իսկ պատճառով նկարում եմ հիմնականում բնությունն ու նրա մեջ թաքնված գեղեցկությունները։ Նաև արևով շաղախված երկինքն եմ սիրում։

Ի՞նչ հաջողություններ եք գրանցել լուսանկարչության մեջ։

– Մի անգամ Armnewstv.official էջում տեսա հայտարարություն, որն առաջարկում էր գեղեցիկ լուսանկարներ ունենալու  դեպքում ուղարկել իրենց էջին։ Լավագույնները պետք է հայտնվեին կայքում։ Եվ ես հաղթեցի։ Ուրիշ մեծ հաջողություններ չեմ ունեցել, բայց վստահ եմ, որ շուտով կհասնեմ մեծ բարձունքների։ Իմ նկարներին տալիս եմ «արևոտ» անվանումը, քանի որ փորձում եմ յուրաքանչյուր նկարի մեջ արև դնել, ջերմացնել մարդկանց։ Մի գուցե հենց այդ պատճառով եմ հաղթել մրցույթում։

– Գիտեմ, որ երազում եք սեփական ստուդիա բացելու մասին։ Ի՞նչ նպատակ է այն հետապնդելու։

– Ուզում եմ բացել իմ սեփական լուսանկարչական ստուդիան, որտեղ կլինի նաև լուսանկարչական դպրոց։ Այստեղ երեխաներին կսովորեցնեմ գրագետ ու գեղեցիկ լուսանկարներ անել։ Կարող եմ նաև իմ արած նկարները հանել վաճառքի։ Կփորձեմ ամեն ամիս կազմակերպել տարբեր ցուցահանդեսներ Դիլիջան քաղաքի գեղատեսիլ վայրերում, որպեսզի մարդիկ և մեզ հյուր եկած զբոսաշրջիկները ճանաչեն մեր հայկական արվեստը։ Այս օրերին երազում եմ մի բանի մասին ևս. հնարավորության դեպքում գնալ Արցախ ու լուսանկարել ամենագեղեցիկ վայրերը, տեսնել մեր զինվորներին, նրանց ևս նկարել։ Երազանքներս շատ են, բայց առաջին հերթին խաղաղություն եմ ուզում, չէ՞ որ դրա մեջ այնքան սիրուն գույներ կան՝ կարմիրը, կապույտն ու ծիրանագույնը…

Էլեն Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել