Ճանաչենք մեր հերոսներին. Արա Մկրտչյան

Ճանաչենք մեր հերոսներին. Արա Մկրտչյան

1273

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում քաջի մահով ընկավ պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանը: Արան ծնվել է 1992թ․-ի նոյեմբերի 1-ին քաղաք Գյումրիում:

Հերոսի քույրը՝ Մկրտչյան Հերմինեն, մեծագույն ջերմությամբ մեզ պատմեց համեստ ու ամաչկոտ եղբոր մասին:

Նրանց մանկությունը միասին է անցել Արթիկ քաղաքում: Քրոջ խոսքով՝ Արան չափից դուրս պարտաճանաչ էր դեռ փոքր տարիքից: Միասին շատ են սիրել համակարգչային խաղեր, բայց Արան միշտ համակարգչի դիմաց նստում էր հանձնարարված դասերն անելուց հետո, ասում է՝ իր համար նա լավագույն օրինակն էր:

«2 տարի է, ինչ անցել էր պայմանագրային ծառայության, երբ ասում էի՝ ի՞նչու  ընտրեցիր այդ ուղին, միշտ ասում էր՝ այսօր ես եմ գնում, որ թշնամին երբեք ձեզ չհասնի»:

Հերմինեի խոսքով՝ երբեք ոչնչից չէր բողոքում, եթե տեսներ՝ մեկը հուսալքված է, ամեն կերպ փորձում էր ոգևորել․ փաստում է՝ նա իսկական լույս էր, ով զոհվեց հանուն մեր բոլորիս  պայծառ ապագայի:

Իր գործից խոսել չէր սիրում, միշտ փորձում էր այնպես անել, որ ընտանիքի անդամները հանգիստ լինեն: Նույնն էլ եղավ ամսի 9 -ին՝ զոհվելու օրը. «Ասեց՝ ամեն ինչ շատ լավ է, անհանգստանալու բան չկա, երեխայիս լավ կնայես պապ ջան»:

 Հեռախոսազանգից ժամեր անց զոհվել է Ջաբրայիլի լեռներում: Մարմնով փակել է զինակից ընկերոջը, ընկերը  փրկվել է, ինքը՝ անմահացել։

Արայի տղան 2 տարեկան է, հորաքրոջ հետ խոսելիս ասել է՝ հենց գա 3 տոն ունեն նշելու՝ հաղթանակը, որդու և իր տարեդարձը միասին:

Քույրը երբեք չէր պատկերացնի նման բան, Արան շատ փորձառու էր ու հայրենասեր: Հիմա էլ վստահ է, որ ազգասեր հերոսը ընկերներին կպատգամեր, որ անգամ մի թիզ հող չզիջեն թշնամուն:

«Ես երբեք չեմ ասել, թե ինչքան եմ սիրում իրեն․հիմա ասում եմ, որ անասելի շատ եմ սիրում քեզ, մեր հերոս, մեր Արա»…

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել