Կորեական մամուլի անդրադարձը Արցախյան պատերազմին

Կորեական մամուլի անդրադարձը Արցախյան պատերազմին

1368

Հայ-ադրբեջանական պատերազմին են անդրադառնում ոչ միայն միջազգային կազմակերպությունները, քաղաքական գործիչներն ու աստղերը, այլ նաև միջազգային մամուլը և բլոգերները: Տեղական լրատվամիջոցները գրել են նաև միջազգային մամուլի անդրադարձի մասին (BBC, The Washington Post, The New York Times, Der Spiegel, La Vanguardia, Associated Press): Պատերազմին անդրադարձած միջազգային լրատվամիջոցների շարքում են նաև հարավկորեական լրատվամիջոցները (MBC News, News1, 14F, KBS News, YTN news, JTBC News, Yonhapnews, SBS … ):

MBC News

Հայ-ադրբեջանական պատերազմին առաջինը արձագանքած հարավկորեական լրատվամիջոցներից է MBC News-ը, որը պատերազմին անդրադարձավ սեպտեմբերի 28-ի լուրերի թողարկմամբ:
«Ադրբեջանա-հայկական զինված հակամարտություն».
 «Եվս մեկ զինված բախում է սկսվել անցյալում պատերազմած և նախկին խորհրդային պետություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Երկու կողմերի հակամարտության գոտի Լեռնային Ղարաբաղում զինված բախման արդյունքում սպանվել են առնվազն 23 մարդ՝ ներառյալ քաղաքացիական անձինք ու զինվորներ, 100-ը վիրավորվել են»:

Նյութում նշվում է երկու կողմերի նախահարձակ գործողությունների վիճելիության մասին, ինչպես նաև վարչապետ Նրկոլ Փաշինյանի խոսքը ուղղված ժողովրդին՝  «Պատրաստ եղիր պաշտպանել քո երկիրը», և նախագահ Ալիևի երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին:

News1

«Նախկին Խորհրդային Միության «վառոդային մառանը» բռնկվում է».
Այսպիսի վերանգրով է News1-ն անդրադարձել հայ-ադրբեջանական պատերազմին:
Լրատվամիջոցը հղում է արել BBC-ին՝ նշելով 23 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին:
«Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են 1988 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: Այս տարածքը հայտնի է որպես Կասպից ծովի նավթագազային խողովակների տնտեսական հանգույց:
Չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի այս շրջանը, համաձայն միջազգային իրավունքի, Ադրբեջանի տարածք է, բայց այժմ հայկական ինքնավար մարզ է և վերահսկվում է հայկական ուժերի կողմից»,- գրում է News1-ը:
Լրատվամիջոցը մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը այն մասին, որ ադրբեջանական զորքերը հարձակվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տեղեկատվությունը դրա հերքման մասին:
Ցուցադրելով տեսանյութում առկա կադրերը՝ News1-ը տալիս է դրանց մեկնաբանությունները:
Տեսանյութը սկսվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հրապարակած կադրերով: «Նրանց թիրախը Հայաստանն է: Արյամբ հատուցում … Համատարած պատերազմ: Վրեժխնդրություն»,- մեկնաբանում է News1-ը:
«Միջազգային հանրությունը կոչ է անում զերծ մնալ այն մտավախությունից, որ երկու կողմերի հակամարտությունը կարող է դառնալ համապարփակ պատերազմ»,- նշվում է տեսանյութում, հավելելով Թուրքիայի Ադրբեջանին լիակատար աջակցություն խոստանալու մասին:

Չնայած նրան, որ լրատվամիջոցը փորձել է ցուցաբերել օբյեկտիվություն, սակայն չենք կարող չասել, որ նշվող տեղեկատվությունը այդքան էլ չի պահպանում օբյեկտիվությունը: «Լեռնային Ղարաբաղի այս շրջանը համաձայն միջազգային իրավունքի Ադրբեջանի տարածք է»-ն, ինչպես նաև այն, որ տեսանյութում գերակշռում են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված կադրերը, այդքան էլ չեն խոսում օբյեկտիվության մասին:

Հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է Կորեայի Հանրապետությունը օբյեկտիվ չլիներ այս պատերազմի լուսաբանման մեջ: Չէ՞ որ Կորեան գտնվում է Արևելյան Ասիայում և գրեթե ոչ մի առնչություն չունի այս երկու երկրների հետ: Սակայն խնդիրը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի մեջ է, այլ Թուրքիայի: Թուրքիայի և Կորեայի Հանրապետության կապը դեռևս գալիս է հնուց, երբ գյուքթյուրքերը օգնում էին Գոգուրեոյին պայքարելու  Թանգ չինական ուժերի դեմ: Նրանք ունեին ռազմական դաշինք: Հարավային Կորեան և Թուրքիան երկարատև փոխհարաբերություններ են ունեցել, որոնք բնութագրվում են ուժեղ տնտեսական, մշակութային, դիվանագիտական և զբոսաշրջային կապերով: Վերադառնանք 1950-ականներ: Կորեական պատերազմի ժամանակ թուրքական բրիգադը աջակցում էր Հվ. Կորեային՝ պայքարելու Հյուսիսային Կորեայի և Չինաստանի ուժերի դեմ: Մարտերում զոհված 721 թուրք զինվորներից 462-ը թաղված են Բուսանի «Հերոսների գերեզմանատանը»: Հիմնվելով այս հնագույն բարեկամական հարաբերությունների վրա՝ երկու ժողովուրդների հարաբերությունները հաճախ անվանում են «Կորեա – թուրքական եղբայրություն»:

14F 일사에프

Հարավկորեական մեկ այլ հեռուստաալիք՝ 14F-ը, սեպտեմբերի 28-ին հրապարակել է  «Միտքը՝ Հայաստան, մարմինը՝ Ադրբեջան … Եզրակացությունը համատարած պատերազմն է» վերնագրով տեսանյութ: Կարծես թե ընտրված վերնագիրը հարցեր է առաջացնում, կամ, այսպես ասած, ինչ-որ ակնարկ է: Եվ, այո, 14F-ը տեսանյութում բացում է վերնագրի փակագծերը:
Այստեղ ներկայացվում է Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տանկերի ոչնչացման, ինչպես նաեւ Ադրբեջանական կողմի հրապարակած օդային ռմբակոծության կադրերը, կարճ պատմական անդրադարձ, հրետակոծված վայրերը և Հռոմի պապի կոչը:

«Հայաստան՝ «Ադրբեջանը նախ հարձակվեց քաղաքացիական բնակավայրերի վրա»:
Մյուս կողմից՝ Ադրբեջան՝ «Հայաստանը առաջինն է հարձակվել հակամարտոթյան գոտուն մոտ գտնվող մեր տարածքի վրա»:
Եթե նայենք պատմությանը՝ հակամարտության արմատները խորն են: Երկու երկրները այս տարածքի շուրջ հակամարտության մեջ են 1988թ-ից ի վեր: 1992-1994թթ-երին տեղի է ունեցել պատերազմ: Նախկին Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք էր, բայց բնակչության 90%-ից ավելին հայեր էին: Նրանք ստեղծեցին Արցախի հանրապետությունը և իրենց վերահսկողության տակ էին պահում»,- ներկայացնում է 14F-ը:
Այս մասում հեռուստաալիքը բացում է վերնագրի չակերտները՝ «Մի իրավիճակ, որտեղ չնայած սիրտը Հայաստանում է, մարմինը Ադրբեջանում է»:

KBS News

Պատերազմին անդրադարձել է նաև Հարավային Կորեայի խոշորագույն հեռուստատեսային և ռադիո ընկերությունը՝ KBS-ը:
Մեծ տարբերություն չկա վերը նշված լրատվամիջոցների և KBS News-ի հաղորդած ինֆորմացիայի մեջ: Պատերազմի մասին հաղորդում է KBS News-ի Մոսկվայում գտնվող թղթակիցը:
«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պնդում էր, որ հայկական կողմին կորուստներ է պատճառել՝ ավելի քան 2300 զոհ և 130 տանկ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես պնդում էր, որ կորուստներ է հասցրել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ 900 զոհ և 160 տանկ: Երկու կողմերի պատերազմի սրման ժամանակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ`պահանջելով հրադադարի ռեժիմ: Այնուամենայնիվ, Թուրքիան, որը ադրբեջանական կողմին աջակցություն է ցուցաբերում, հայտարարել է, որ չի կարող ընդունել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջամտությունը»,- հայտնում է թղթակիցը՝ հավելելով նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանում տևական խաղաղությունը կախված է Ադրբեջանի տարածքից Հայաստանի դուրս գալուց: «1994թ-ին Ռուսաստանի կողմից զինադադար է հաստատվել, միջազգային իրավունքի համաձայն՝ տարածաշրջանը հանդիսանում է Ադրբեջանի տարածք, բայց փաստացի Հայաստանը իր վերասկողության տակ է պահում»,- հաղորդում է KBS News-ի թղթակիցը:
Չենք կարող չանդրադառնալ KBS News-ի հաղորդած ինֆորմացիայի օբյեկտիվությանը: Ինչը վերաբերում է հայկական կողմին, ապա միայն նշվում է Հայաստանի ՊՆ-ի կողմից հայտարարված Ադրբեջանի կորուստների մասին: Պատրաստված տեսանյութում գերակշռում են Ադրբեջանի հրապարակած կադրերը, Թուրքիայի նախագահ Էրդողանի «Ադրբեջանի տարածքից Հայաստանի դուրս գալը» խոսքերը, և վերջում՝ միջազգային իրավունքի համաձայն Արցախի Ադրբեջանի տարածք հանդիսանալը:

Նշենք, որ KBS News-ը անդրադարձել էր նաև 2020թ-ի հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բախմանը: Այստեղ նույնպես առկա էր իրադարձությունների կողմնակալ ներկայացում:

Yonhap News (연합뉴스) 

Yonhap լրատվական գործակալությունը պատերազմի մասին հրապարակում է կատարել հոկտեմբերի 1-ին՝ որպես վերնագիր դնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը. «Եթե Ադրբեջանը խնդրի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք»: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է․ «Նախկին ԽՍՀՄ երկրներ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող 4-րդ օրվա մարտերի ընթացքում Թուրքիան հայտնել է Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու իր դիրքորոշումը: Հայաստանը պնդում է, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաղաբի տարածքում պատերազմի սկսվելուց հետո, Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝  մարտերում ներգրավելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիֆ Էրդողանը սեպտեմբերի 28-ին ասաց, որ Թուրքիան իր ողջ ռեսուրսներով ու սրտով կաջակցի Ադրբեջանին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ հայկական ուժերը պետք է անվերապահորեն և անհապաղ հեռանան իրենց հողերից: Եթե Հայաստանի կառավարությունը կատարի այս պայմանները, ապա մարտը և արյունը կդադարեն: Նա շեշտեց, որ այս չորս օր տևացող մարտերը նպատակ ունեն վերականգնելու պատմական արդարությունը և որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է»:
Այսպես է գրում Yonhap News-ը՝ հիշատակելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռուսական  «Ինտերֆաքս»-ին  տված հարցազրույցը, հատկապես՝ այն մասին, որ Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը և  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պայմաններում գագաթնաժողովի անցկացումը: Լրատվականը գրում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին:
«Ադրբեջանը և Հայաստանը, անտեսելով միջազգային հանրության զսպման կոչը, արդեն չորրորդ օրն է, ինչ շարունակում են մարտերը, որոնք սկսվել են 1994 թ-ից ի վեր»,- գրում է Yonhap News-ը: Նյութում նշվում է նաև Մարտակերտում զոհված 3 խաղաղ բնակիչների մասին, ինչպես նաև ՍՈՒ-25-ի խոցման մասին: «Ադրբեջանը և Հայաստանը կռվում են սեպտեմբերի 27-ից սկսած նախկին Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ, որը փաստորեն վերահսկվում է Հայաստանի կողմից»,- հավելում է Yonhap News-ը:

Կորեայի Հանրապետության «Կապույտ տուն» (청와대 로고)

Հոկտեմբերի երկուսին Կորեայի Հանրապետության «Կապույտ տունը» (նախագահ Մուն Ձե Ինի նստավայրը) իր պաշտոնական էջում հրապարակում կատարեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմին: Հարապարակման մեջ նշվում է հետևյալը. «Չնայած մենք Արևելյան Ասիայում գտնվող շատ փոքր երկիր ենք, որը ոչ մի կապ չունի Մերձավոր Արևելքի հետ, այն, ինչ կոչ է անում մեր Կորեայի Հանրապետությունը, «խաղաղությունն» է: Դա պատերազմ է այն երկրների միջև, որոնք ոչ մի կապ չունեն մեր անցած պատմության հետ և ունեն տարբեր շահեր: Բայց դա պատերազմ է, երբ երեք օրվա ընթացքում զոհվեցին երկու հարյուրից ավել երիտասարդներ և խաղաղ բնակիչներ… Մենք զորք ուղարկելու ոչ մի հնարավորություն չունենք և ոչ էլ կարող ենք ուղղակիորեն միջամտել պատերազմը դադարեցնելու համար, բայց եթե մենք արտահայտենք մեր դիրքորոշումը հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ և պահանջենք դադարեցնել պատերազմը, կարծում եմ, որ  ավելի շատ երկրներ հետաքրքրություն կցուցաբերեն պատերազմի դադարեցման և խաղաղության համար»:

Գոհար Պետրոսյան
4-րդ կուրս

Կիսվել