ԱՊՐԻԼԻ 2-Ը ԱՈՒՏԻԶՄԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ԱՊՐԻԼԻ 2-Ը ԱՈՒՏԻԶՄԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

2237

2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին` Քաթարի պետության առաջարկով, որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին: 2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

«Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ աճում է (ըստ միջազգային վիճակագրական տվյալների` հիվանդության դեպքերի հաճախականությունը ներկայումս կազմում է 125: 10000, 1999թ.` 6-7: 10000-ի դիմաց): Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը կապված է նաև ախտորոշման բարելավման հետ: Իսկ անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի համաճարակի մասին:Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն:Խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացումը օրեցօր դառնում է արդիական:

Sputnik Armenia մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Աուտիզմ համահայկական ազգային հիմնադրամի տնօրեն Հասմիկ Մարգարյանը և հիմնադրամի դեռահասների գծով մասնագետ Ինեսսա Հարությունյանը խոսեցին հիվանդության, դրա տարածվածության և բուժումների մասին: Նրանց փոխանցմամբ, այժմ մեր երկրում աուտիզմի համախտանիշով գրանված է 1000 երեխա, որոնցից 30%-ը գրանցել է ապաքինման բարձր ցուցանիշ: Հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն, այն հնարավոր չէ բուժել, սակայն մասնագիտական ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է արձանագրել հիվանդության լավացում»,- ասաց տիկին Մարգարյանը: Նրա խոսքով` հաճախ մարդիկ շփոթում են աուտիզմը մտավոր թերզարգացվածության եւ շիզոֆրենիայի հետ, մինչդեռ աուտիզմը բնածին հիվանդություն է, որը  հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի եւ խոսքի զարգացման ծանր խանգարում է, արտահայտվում է կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Հիվանդության դեպքերի թվի աճի միտումը շուրջ 10-15 անգամ ավելացել է ոչ միայն մեր երկրում, այլեւ` ամբողջ աշխարհում:Աուտիզմ առաջացող հնարավոր պատճառներից են գենետիկական գործոնը, թունավոր քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները: Պատճառ կարող են հանդիսանալ նաեւ խնդիրները հղիության, ծննդաբերության ժամանակ, ինչպես նաեւ` սթրեսները:

Հաճախ բժշկահոգեբանական հետազոտություն անցնելուց  հետո դրական պատասխան ստացող աշակերտները հնարավորություն ունեն տեղափոխվոլու ներառական կամ հանրակրթական դպրոցներ, ինչը, սակայն, միանշանակ չի ընկալվում ծնողների եւ մանկավարժների կողմից: «Շատերը դժգոհում են, որ իրենց երեխաների հետ միասին սովորում են նաեւ աուտիզմ ունեցող երեխաներ, սակայն վերջին ժամանակներում այս հարցում եւս նկատելի է որոշակի դրական տեղաշարժ, բարի վերաբերմունքի դրսեւորում թե մանկավարժների, թե այլ երեխաների ծնողների կողմից»,- պատմեց մասնագետը:

Աուտիզմն ազդում է զարգացման երեք ոլորտների վրա` սոցիալական փոխհարաբերությունների, կոմունիկացիայի եւ վարքի: Առաջին նախանշանը, որ նույնիսկ ծնողը կարող է հասկանալ, հաղորդակցման ժամանակ աչքերի մեջ չնայելն է, ինչպես նաեւ` ցուցամատը ինչ-որ բան ցույց տալու համար չօգտագործելը եւ հասակակիցների հետ չշփվելը: Աուտիզմով առավել հաճախ տառապում են տղա երեխաները` 4-5 անգամ ավելի շատ, քանի որ պատասխանատու գեներն ավելի հաճախ հանդիպում են հենց նրանց մոտ:

Հիմնադրամի հոգբարձուների խորհուրը բազմաթիվ ծրագրեր է մշակել ոչ միայն բուժման և հետևողական ստուգման, այլև հասարակության շրջանում խնդրի իրազեկման ուղղությամբ:

Աուտիզմը դուրս է եկել միայն առողջապահական խնդիր լինելու շրջանակներից,  այն միջգերատեսչական է և իր հնարավոր լուծումը կարող է ստանալ կրթական,  սոցիալական ոլորտների և հասարակության լայն շրջանակների համագործակցության պարագայում:

Պաշտոնական տվյալների համաձայն` ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում:  Աշխարհում յուրաքանչյուր 110 երեխայից 1-ը տառապում է աուտիզմով: Ամեն տարի 10-17 տոկոսով աճում է աուտիզմով հիվանդների թիվը: Աշխարհում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի:

Աուտիկներ հանդիպում են նաեւ հանճարեղ մարդկանց շարքերում. այդ հիվանդությունն են ունեցել են Մոցարտը, Ագաթա Քրիստին: Հատկանշական է, որ աուտիզմով տառապող երեխաների մեծ մասը բացառիկ ունակություններ է ցուցաբերում ծրագրավորման ոլորտում:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել