Հայտարարված հրադադարի խախտման պայմաններում Կարմիր խաչը չի կարողանում իրականացնել իր առաքելությունը

Հայտարարված հրադադարի խախտման պայմաններում Կարմիր խաչը չի կարողանում իրականացնել իր առաքելությունը

1003

Այս օրերին շատերս ենք ականատես լինում Արցախի և նրա բնակչության հանդեպ հումանիզմի դրսևորումների տարբեր երկրների, անհատների և ընկերությունների կողմից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նույնպես կատարում է իր առաքելությունը: Պատերազմի այս քսան օրերի ընթացքում կատարված աշխատանքի մասին զրուցել ենք Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ, ով այս օրերի աշխատանքից նշեց մի քանի կարևոր կետեր.

-Մեր կազմակերպությունը, մշտապես լինելով բոլոր ներգրավված կողմերի հետ քննարկումների մեջ, առաջին իսկ օրից առաջարկել է չեզոք միջնորդի դերը մարդասիրական հարցերում, օրինակ՝ զոհված զինվորականների մարմինների արտահանձման և ձերբակալված անձանց կողմերին վերադարձնելու հարցերում: Մենք, իհարկե, պատրաստ ենք կատարել մեր առաքելությունը, միայն թե հայտարարված մարդասիրական հրադադարի պահպանման պայմաններում:

Ըստ Ամատունու՝ հետագա ամիսների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր տեսակի մարդասիրական աջակցության կարիք կունենան՝ սնունդ, հիգիենայի պարագաներ, գումար: Նրա խոսքերով՝ անվտանգության պայմանների ոչ լիարժեք լինելու պատճառով չեն կարողանում համայնքներում մարդկանց կարիքների, խնդիրների գնահատում կատարել: Այս օրերին Կարմիր խաչը հասցրել է Արցախին փոխանցել անհետաձգելի բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ օգնություն: Ապաստարաններում գտնվող մարդկանց համար ուղարկվել է 1000 լիտր ձեթ, սնունդ, հիգիենայի պարագաներ:

Իսկ արդեն Հայաստանում գտնվող արցախցիների համար նախատեսված է 1.5 միլիոն ֆրանկի աջակցություն: Հայկական կարմիր խաչը կօգնի վերականգնել ընտանիքների կապը, կցուցաբերի հոգեբանական, սոցիալական և դրամական աջակցություն:

Զառա Ամատունին ցավով արձանագրում է, որ ռազմական գործողությունների շարունակության և հոկտեմբերի 10-ին հայտարարված հրադադարի պայմանները չպահպանելու պատճառով չեն կարողանում վնասների պատշաճ գնահատում անել և օգնել տեղի բնակչությանը, ինչպես նաև կազմակերպել զոհվածների աճյունները և կենդանի զինվորները վերադարձը կողմերին:

-Մենք հույս ունենք` որքան հնարավոր է արագ մեզ հնարավորություն կընձեռնվի` մեր գործողությունները կատարելու համար,- ասում է Զ. Ամատունին:

Սուսաննա Քթոյան

4-րդ կուրս

Կիսվել